Բաժանարար գծեր. վերլուծաբանները քննարկում են կովկասյան հակամարտություններում «արտաքին խաղացողների» դերը

Խորհրդային Միության փլուզումից 25 տարի անց էլ Կովկասը շարունակում է մնալ նախկին խորհրդային տարածքի ամենաթեժ կետը, որտեղ պարբերաբար շարունակվում են ազգամիջյան բախումները, սերմանվում են ատելություն ու թշնամանք: Քաղաքագետների գնահատմամբ` կովկասյան բաժանարար գծերը պետությունների միջև հետևանք են արտաքին հզոր խաղացող երկրների, որոնցից յուրաքանչյուրը փորձում է իր շահերն ու հետաքրքրություններն ունենալ տարածաշրջանում:

Քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի դիտարկմամբ` Կովկասը հրաշալի ու հարուստ խճանկար է, որի հիմքը կազմում են ամենատարբեր մշակույթներն ու ժողովուրդները, և նրանից որևէ մեկը պարտադրված չպետք է հեռանա այն տարածքից, որտեղ ցանկանում է ապրել:

«Կովկասն ինքը պետք է որոշի իր ճակատագիր, սակայն պետք է լինի նոր մոտեցում համատեղ ապագայի համար նույն տարածաշրջանում կյանքը շարունակելու համար: Այն արժեքները, որոնք այսօր գոյություն ունեն մեր հասարակություններում, չեն կազմում այն ֆունդամենտը, որի հենքի վրա հնարավոր կլիներ գնալ համատեղ փոխգոյատևման: Եթե տարածքները շատ ավելի աժեքավոր են, քան մարդիկ, դա չի կարող հիմք հանդիսանալ խաղաղ գոյակցության համար»,- ասել է Խուրշուդյանը:

Քաղաքագետի գնահատմամբ` Ադրբեջանում պետական մակարդակով ատելության սերմանումը հայ ժողովրդի հանդեպ, առաջին հերթին, վնասում է հենց Ադրբեջանի ժողովրդին, մանավանդ երբ այդ ատելությունը հիմնված է ստի վրա:

«Երկրի նախագահը հայտարարում է, որ Զանգեզուրը ադրբեջանական տարածք է, կամ` որ Երևանը հին ադրբեջանական քաղաք է, պետք է ազատագրենք այդ տարածքները հայերից:

Հայաստանում չկա նման բան, կամ քնած հայ սպային սպանած Սաֆարովին հերոսի կոչում են տալիս: Այս իրավիճակը ձեռք է տալիս արտաքին խաղացողներին, հիմնականում` Ռուսաստանին: Արևմուտքից հնչում են քննադատական ազդակներ՝ Human Rights Wach, Freedom House… Սակայն բաժանարար գծերը Կովկասում ձեռնտու են միայն Ռուսաստանին, մյուս կողմերը՝ ԱՄՆ-ը, Եվրոպան, նրանք Կովկասը տեսնում են  միասնական, Եվրոպական միության շրջանակներում»,- ասել է քաղաքագետը:

Կովկասյան հակամարտությունների հարցերով փորձագետ, լրագրող Թաթուլ Հակոբյանի գնահատմամբ էլ այսօր տարածաշրջանային անվտանգության մեջ մեծ դեր ու նշանակություն ունեն հայ-վրացական հարաբերությունները:

«Ինչ էլ  պատահեն՝ քառօրյա պատերազմը ԼՂՀ-ում, հնգօրյա պատերազմը Վրաստանի և Ռուսաստանի միջև, Հայաստանը և Վրաստանը պետք է կոնսոլիդացիայի գան և այնպես անեն, որ ևս մեկ բաժանարար գիծ չլինի այս երկու երկրների միջև, ինչը շատ եմ կարևորում: Եվ եթե Հայաստանն ունի եվրաատլանտյան տեսլական, ապա դա միայն կարող է լինել Վրաստանի հետ միասին»,- ասել է Հակոբյանը:

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն էլ նշում է, որ հարկավոր է միշտ հաշվի առնել, թե որոնք են խոշոր խաղացողների հետաքրքրությունները կովկասյան տարածաշրջանում: Անդրադառնալով Ռուսաստանին` նա նշել է, որ այդ երկրին հակամարտություններ պետք չեն:

«1994 թվական՝ կոնֆլիկտներ՝ Աբխազիա, Օսեթիա, Ղարաբաղ: Ո՞վ է խաղաղությունը վերականգնել այս տարածքներում՝ Ռուսաստանը: Ես եղել եմ այդ բանակցությունների մասնակիցը 1994-ին և կարող եմ մանրամասն պատմել, թե ի՛նչ էր տեղի ունենում: Նրան ձեռնտու չեն կոնֆլիկտները այստեղ, նրա հետաքրքրությունները կան, նա կշարունակի մնալ այստեղ ու պայքարել իր հետաքրքրությունների համար, բայց նրան ձեռնտու է, որ լինեն խաղաղ պայմաններ, և միայն այդ ժամանակ կարող է մեծացնել իր ազդեցությունը»,- ասել է պաշտպանության նախկին նախարարը:

Ըստ Հարությունյանի` դա ձեռնտու է այն երկրներին, որոնք ուզում են Ռուսաստանին դուրս նետել տարածաշրջանից:

«Ո՞ւմ էր անհրաժեշտ կոնֆլիկտը Աբխազիայում և Օսեթիայում: Այդ ամբողջ ընթացքում Հայաստանը և ամբողջ Անդրկովկասը անջատված էին Ռուսաստանից, չկային ենթակառուցվածքներ, տնտեսական կապեր, և հնարավոր չէր ապահովել կապը Ռուսաստանի հետ: Եվ հենց այս իրավիճակում Հայաստանն ու իր տնտեսությունը թեքվում են Թուրքիայի կողմը: Եվ որքան երկար են ձգվում կոնֆլիկտները Հարավային Կովկասում, այնքան ավելի շատ են Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, Ռուսաստանից կտրվելով, շարժվում դեպի հարավ»,-ասել է Հարությունյանը: