ԱՀՀ. ԱՄՆ-ի օգնությունը պետք է տրամադրվի Հայաստանին սիրիացի փախստականների համար

Քան որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գլխավոր վերստուգիչի գրասենյակը (OIG), վկայակոչելով կոռուպցիոն դրսևորումները, կասեցրել է Թուրքիայից ղեկավարվող 14 կազմակերպությունների և անհատների ներգրավվածությունը մարդասիրական օգնության ծրագրերին, Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) կոչ է արել ԱՄՆ-ի Կոնգրեսին օգնություն տրամադրել Հայաստանին` վերջին տարիներին Սիրիայից փախած փախստականների համար:

«Քանի որ հումանիտար ճգնաժամը Սիրիայում շարունակվում է, պետք է մեր ջանքերը կրկնապատկենք` ապահովելու, որ մարդասիրական օգնությունը հասնի նրանց, ովքեր դրա կարիքն ունեն,- հայտարարել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին: – Դա է պատճառը, որ Համագումարը վերստին կոչ է անում 15 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրել Հայաստանին՝ Սիրիայից այնտեղ վերաբնակվող փախստականների համար»:

Հայաստանի իշխանություններն ասում են, որ այժմ երկիրը ընդունել է ավելի քան 20.000 սիրիացի փախստականներ, որը ընդունած փախստականների թվով երրորդն է Եվրոպայում՝ իր բնակչության թվի համամասնությամբ: «Որպես ընդունող երկիր` Հայաստանը բացարձակապես օրինակելի է եղել ընդունած սիրիահայ փախստականների և տեղաբնակների թվերի հարաբերակցության առումով»,- ասել է ասել է Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գծով գերագույն հանձնակատարի (UNHCR) հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը:

ԱՀՀ-ն ասել է, որ շարունակում է խրախուսել ամերիկահայերին կապվել Կոնգրեսի հետ և խնդրել աջակցել Հայաստանի կառավարության ջանքերին՝ ուղղված Սիրիայից փախչող փախստականների համար անվտանգ և կայուն միջավայր տրամադրմանը:

Մարտի 24-ին Ամերիկայի հայկական համագումարը նույն հայցը ներկայացրել էր Ներկայացուցիչների պալատի Պետության, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների ենթահանձնաժողովին ուղղված վկայությունում՝ առաջարկելով Վարչակազմի ներկայացրած բյուջեից մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլար տրամադրել միգրացիայի և փախստականների օժանդակությանը՝ որից առնվազն 15 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնելով Հայաստանին: