Վստահության հարց. ընդդիմադիրի խոսքով` կառավարությունը կարող է վերականգնել ժողովրդի վստահությունը իրական քայլերով

Photo: Photolure

Հայաստանի բնակչության մեծ մասը չի վստահում կառավարությանն ու իշխանություններին ու նրանց ձեռնարկած որևէ գործողությունների` տարիներ շարունակ նրանց տված չիրականացված խոստումների կամ անգործության պատճառով:

Այդուհանդերձ, այդ վստահությունը շատ արագ կարող է վերականգնվել` բավական կլինեն ընդամենը մի քանի իրական փոփոխությունները` կարծում է Ազգային ժողովի անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր Էդմոն Մարուքյանը:

Արարատի ու Վայոց ձորի մարզերի մի շարք գյուղական համայնքների բնակիչներ ևս մեկ անգամ իրենց խաբված են համարում ու այս շաբաթ բողոքի մի շարք ակցիաներ են իրականացրել կառավարության շենքի մոտ, անգամ երեխաներին դպրոց չեն թողել, քանի որ մթերող ընկերություններից չեն ստացել դեռևս անցյալ աշնանը մթերված խաղողի գումարը, թեպետ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր հարցը լուծել մինչև մայիսի 10-ը:

Իշխանությունների անտարբերությունից դժգոհ են նաև Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչները, որոնք արդեն մի քանի ամիս պայքարում են, որ Ազատ գետի ջուրը ջրագծով չտարվի Արարատյան դաշտավայր` հողատարածքները ջրելու համար, քանի որ այնտեղի արտեզյան ջրերը գրեթե սպառվել են ձկնաբուծության պատճառով:

Մարդիկ ստիպված են իրացնել իրենց հնարավորության տակ գտնվող վերջին` բողոքելու իրավունքը, քանի որ իրավական այլ ճանապարհի հետ հույս ու հավատ չեն կապում:

Այդուհանդերձ, դա արագ փոփոխելի է, կարծում է Էդմոն Մարուքյանը, որ մշտապես կառավարության գործողությունների քննադատությամբ է հանդես գալիս:

«Վստահություն չկա, բայց դա շատ արագ վերականգնելի բան է: Եթե կառավարությունը արագ հակակոռուպցիոն ինչ-որ քայլեր անի, դա շատ արագ կվերականգնվի, քանի որ դա պայմանավորվում է գործողություններով, ոչ թե հռետորաբանությամբ»,- «ԱրմենիաՆաուին» ասում է պատգամավորը` վկայակոչելով անցյալ շաբաթ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` կոռուպցիայի դեմ հայտարարած պայքարը:

Ըստ Մարուքյանի` թեպետ պարզ է, որ կառավարության ներկայիս գործողությունները` պայքարը կոռուպցիայի դեմ ու կառավարման ապարատի օպտիմալացումը, կապ ունեն ընտրությունների հետ, «բայց անգամ այս դեպքում սա դրական զարգացում է, քանի որ լավ է ուշ, քան երբեք»:

Հինգշաբթի` մայիսի 19-ին, գործադիրը, հետամուտ լինելով անցյալ շաբաթ արված իր հայտարարություններին, որոշել է կրճատել կառավարության շուրջ 800 ծառայողական ավտոմեքենաներ:

Այդուհանդերձ, սրանք ավելի շուտ կոսմետիկ գործողություններ են` կարծում է անկախ պատգամավորը, քանի որ վստահության բացակայությունը չի անհանգստացնում իշխող Հանրապետական կուսակցությանը:

«Ընտրություններում նրանք իրենց հույսը դնում են թաղային հեղինակությունների վրա: Թաղային մակարդակում կոնկրետ ինչ-որ անձ, ում խաթեր, այսպես ասած, ընտրում են, այդ անձը ինչ-որ դեր ունի, նրան կարող է` վստահեն ու գնան ընտրեն: Մարդիկ էլ ընտրելիս իրենց վստահելուն չեն նայում»,- ասում է Մարուքյանը:

ՀՀԿ ներկայացուցիչները կարևորություն չեն տալիս ընդդիմության նման քննադատությանը` իրենց համարելով Հայաստանում ամենաշատ վստահություն վայելող ուժ, որը կգերիշխի տեղական քաղաքական դաշտում առնվազն մեկ տասնամյակ և գուցե ավելի:

Հայաստանի խորհրդարանի հաջորդ ընտրություններն անցկացվելու են 2017-ի ապրիլին կամ մայիսին: