Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Սիրիայի նախագահ Ասադին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Սիրիայի իր գործընկեր Բաշար ալ-Ասադին մի շարք բնակավայրերում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որոնց հետևանքով զոհվել և վիրավորվել են բազմաթիվ անմեղ քաղաքացիներ:

Երկուշաբթի Սիրիայի Միջերկրական ծովափի Ջեբլա և Տարտուս բնակավայրերում «Իսլամական պետության» խմբավորման ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է մոտ 150 մարդ, վիրավորվել առնվազն 200-ը: Նույն օրը պայթյուններ են որոտացել նաև Սիրիայի Լաթաքիա նահանգի այլ բնակավայրերում, որոնց ընթացքում, ըստ որոշ տեղեկությունների, վիրավորվել են նաև որոշ էթնիկ հայեր:

Իր հեռագրում, որի տեքստը տարածել է նախագահի պաշտոնական կայքը, նախագահ Սերժ Սարգսյանը նշել է. «Սիրիայի խաղաղ բնակչության նկատմամբ այս զարհուրելի հանցագործությունները որևէ արդարացում չունեն: Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և կոչ անում միջազգային հանրությանը հավաքական ուժերով շարունակել պայքարն այս չարիքի դեմ:

Հայտնում եմ իմ անկեղծ վշտակցությունը Ձեզ, Սիրիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ոգու արիություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

Սիրիայում 2011 թ. զինված հակամարտություններից ի վեր շուրջ 20 հազար սիրիահայեր են ապաստան գտել Հայաստանում: Բազմաթիվ հայեր լքել են իրենց տները Մերձավոր Արևելքի այդ երկրի Հալեպ և այլ քաղաքներում և տեղափոխվել հարևան Լիբանան, ինչպես նաև Եվրոպա կամ Ամերիկա: Տասնյակ հազարավոր հայեր դեռ շարունակում են մնալ Սիրիայում, որտեղ ընթանում է քաղաքացիական պատերազմը: