Տնտեսագետ. Հայաստանը դարձյալ դուրս է մնալու տարածաշրջանային մեկ այլ խոշոր ծրագրից

Vahagn Khachatryan / Photo: Photolure

Հայաստանը գործնականորեն որևէ կարևոր քայլ չի ձեռնարկում, որպեսզի Իրանի համար ավելի վստահելի դառնա տնտեսական հարաբերությունները խորացնելու համար, ինչի պատճառով հերթական անգամ տարածաշրջանային խոշոր ծրագրերից, կարծես, դուրս մնում է` համոզված է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Այս շաբաթ իրանցի պաշտոնյաները հայտարարել են դեպի Եվրոպա տարանցիկ ուղու նախագծի մշակման մասին, որն անցնելու է մի շարք երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով, գրել է ISNA գործակալությունը:

Նախատեսվող տարանցիկ ուղին մեկնարկելու է Բանդար Աբաս հարավային նավահանգստից, որը ստեղծվել է արևմտյան երկրներ հասնելու համար Թուրքիան շրջանցելու նպատակով` հայտարարել է Իրանի պետական երկաթուղային ընկերության ներկայացուցիչ Հասան Աշուրին:

Ըստ արդեն կայացված պայմանավորվածության` ուղին, որը ներառելու է երկաթուղային և ավտոճանապարհային հանգույցներ, հատելով Իրանի սահմանը՝ անցնելու է Ադրբեջանի, ապա Վրաստանի միջով, հավելել է Աշուրին:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ) անդամ Վահագն Խաչատրյանի համար այս զարգացումը սպասելի նորություն է. «Ավելի վատ բաների էլ պիտի սպասենք: Երբ դիմացինը տեսնում է, որ մենք լուրջ չենք վերաբերվում համագործակցության հնարավորություններին, այլընտրանքներ է փնտրում»:

Երբ անցյալ տարվա կեսերին պարզ էր, որ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներն աստիճանաբար վերացվելու են, Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, որ Հայաստանն այլևս չի հետաքրքրելու Իրանին:

«Ահա և ապացույցը, իմ կանխատեսումները միշտ էլ իրականանում են»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Բագրատյանը` նկատի ունենալով Իրանի բանակցությունները Ադրբեջանի հետ ու տարածաշրջանային` Հայաստանը շրջանցող ուղիների քննարկումները:

Վերջին տարիներին Հայաստանը բազմիցս փորձել է Իրանին ներգրավել Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի ու Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության մեջ, որոնք, ըստ հավակնոտ հայտարարությունների` Մետաքսի ճանապարհի մի մասը պետք է դառնային:

Վահագն Խաչատրյանի գնահատմամբ` Հայաստանն այդ հայտարարություններից շատ առաջ չի գնացել:

«Մենք միայն խոսում ենք, իսկ տարածաշրջանային երկրները կոնկրետ գործեր են անում, ու մենք դուրս ենք մնում այս գործընթացներից: Մենք փոքր գործեր ենք անում, Իրանն էլ նույն կերպ է մեզ հետ վարվում: Ասում էինք` գազամուղ ենք կառուցում, բայց պարզվում է` մի քանի խողովակ էր»,- «ԱրմենիաՆաուին» ասում է տնտեսագետը:

Ըստ Խաչատրյանի` տարիներ առաջ, երբ Բաքու-Ջեյհան նավթամուղի մասին դեռ միայն խոսում էին, Հայաստանի իշխանություններն ասում էին` դրանք ընդամենը հնարածին ծրագրեր են, բայց ժամանակը ցույց տվեց, որ այդպես չէ. «Մինչդեռ, պետք էր նավթամշակման ձեռնարկություն կառուցել Մեղրիում»:

«Նույնը Հյուսիս-Հարավ ճանապարհի պարագայում. ինչո՞ւ Արարատյան դաշտից սկսեցին կառուցել, այլ ոչ Սիսիանի հատվածում կամ հենց Մեղրիից: Այդ դեպքում Իրանը կգնահատեր, որ Հայաստանը որպես գործընկեր կարևորում է իր հետ համագործակցությունը: Այդ ճանապարհն օգտագործվում է նաև իրանական բեռնափոխադրումների համար, ու դեռևս 1992-ին այդ ճանապարհին կամուրջ է կառուցվել, այն ժամանակ, երբ մենք պատերազմում էինք: Ու Իրանը միանշանակ դրական վերաբերվեց մեզ»,- հավելում է տնտեսագետը:

Իշխանությունները, այնուամենայնիվ, շարունակում են հավատալ իրենց քայլերի հաջորդականության իրավացիությանը: Հինգշաբթի տրանսպորտի և կապի նախարարությունը չինական «Սինոհիդրո քորփորեյշն լիմիթեդ» ընկերությանն է վստահել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շրջանակներում ճանապարհի` Թալին-Գյումրի հատվածի ավելի քան 18 կմ-ի շինարարությունը` գրեթե 60 մլն դոլար արժողությամբ: Աշխատանքներն իրականացվելու են Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկային միջոցներով: