Իրանի նախագահ Ռոհանին ասում է, որ շուտով կայցելի Հայաստան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին մոտ ժամանակներս կայցելի Հայաստան` այս մասին Ռոհանին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը, ով հունիսի 5-ին պաշտոնական այցով ժամանել էր Թեհրան: Այս մասին տեղեկացրել են Հայաստանի արտգործնախարարությունից:

Ռոհանիի այցը Հայաստան վաղուց սպասելի էր, քանի որ այցի մասին բազմիցս հայտարարվել, սակայն հետաձգվել է: Սա կլինի 2013-ին Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելուց այն Ռոհանիի առաջին պաշտոնական այցը Հայաստան:

Photo: www.mfa.am
Photo: www.mfa.am

Նալբանդյանի հետ հանդիպմանը Իրանի նախագահը նշել է, որ պատժամիջոցների վերացումից և միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումից հետո լավ հնարավորություն է ստեղծվել բոլոր ոլորտներում զարգացնելու երկկողմ առևտրատնտեսական կապերը:

Զրուցակիցները նաև անդրադարձել են երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի վերացմանը, համակարծիք լինելով, որ այն լրացուցիչ խթան կհանդիսանա բարեկամ ժողովուրդների, հատկապես գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացմանը և զբոսաշրջության զարգացմանը։

Նույն օրը Իրանի նախագահի նստավայրում Նալբանդյանի և արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հանդիպումից հետո կողմերը ստորագրել են Հայաստանի և Իրանի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման մասին հուշագիրը:

Երկու երկրների արտգործնախարարները հանդիպման ընթացքում նաև մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության իրագործման, դրա արդյունքում տարածաշրջանում ստեղծված փոխգործակցության նոր հնարավորությունների վերաբերյալ: Նալբանդյանն ընդգծել է, որ այդ համաձայնությունը միջազգային հարաբերություններում 2015 թ. ամենանշանակալի ձեռքբերումներից էր, ինչը մեկ անգամ ևս ի ցույց դրեց, որ քաղաքական կամքի առկայության պարագայում դիվանագիտական ու բանակցային ճանապարհով կարելի է հասնել ցանկացած, նույնիսկ ամենաբարդ խնդիրների լուծմանը: