
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող ռազմական գործողությունների ժամանակ, ըստ հայ փորձագետների՝ հայաստանյան լրատվամիջոցները հիմնականում կարողացել են ճիշտ աշխատել ու կատարել իրենց առջև դրված առաքելությունը:
Ապրիլի 2-ից Ադրբեջանի սանձազերծած գործողությունների ժամանակ հայկական զանգվածային լրատվամիջոցների աշխատանքը երեքշաբթի ամփոփելով` Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշել է, որ սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին հասարակությունը կարողացավ տեղեկություններ ստանալ, և չի եղել մի կարևոր, շրջադարձային իրադարձություն, որը վրիպել է լրատվամիջոցների ուշադրությունից:
Մելիքյանը նկատել է նաև, որ շատ լրատվամիջոցներ պատերազմական վիճակում աշխատելու փորձ չունեին:
«Լրատվամիջոցների ներկայացուցիչները նոր և անսովոր իրավիճակում էին հայտնվել։ 1990-ական թվականներին տեղի ունեցածն ու պայմաններն այլ էին, քան այսօր: Այն ժամանակ այսպիսի տեխնոլոգիաներ չկային, ինտերնետ չկար, օպերատիվության առումով բարդություններ կային, իսկ այսօր այդ ամենը կա: Կարելի է ասել` մի կողմից հնարավորություններն են ավելացել, մյուս կողմից` պատասխանատվությունը: Շատ փորձառու լրագրողներ կիսվում էին հարցով` ցույց տա՞լ կտրված գլխով կամ խեղված մարմիններով զինվորների նկարները, թե՞ ոչ»,- ասել է Մելիքյանը:
Ըստ փորձագետի՝ ռազմական գործողությունների առաջին օրերին փաստերի պակաս կար, որը, սակայն, կարողացել են լրացնել այն թղթակիցները, որոնք հենց նույն օրը մեկնել էին Արցախ։
«Կրակի դադարեցման պայմանավորվածությունից մեկ օր անց ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին տարածել, որ Թալիշ, Մատաղիս գյուղերն իրենցն են: Մեր լրատվամիջոցների ներկայացուցիչները միայն մի քանի օր անց իրենց թղթակիցներին ուղարկեցին Թալիշ` ցույց տալու, որ այդ գյուղերը հայկական կողմի վերահսկողության տակ են»,- ասել է Մելիքյանը:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով էլ` դաշտում գործող լրատվամիջոցներից շատերը ոչ պրոֆեսիոնալ են:
«Սերիալների, զվարճալի հաղորդումների վրա ֆիքսված հեռուստաալիքները պատերազմի օրերին չկարողացան նորմալ կերպով լրատվություն ապահովել: Սերիալ նայող տատիկն էլ կցանկանար, որ սերիալն ընդմիջվեր, գոնե 5 րոպեով ինֆորմացիա ստանար սահմանին տիրող իրավիճակի մասին»,- ասել է Նավասարդյանը՝ հավելելով, որ ռազմական գործողությունների հենց առաջին օրերին հեռուստաընկերությունները պետք է պարբերաբար հատուկ թողարկումներով ներկայացնեին սահմանային իրավիճակը։
Ըստ նրա՝ նման իրավիճակներում պետք է օպերատիվ աշխատեն հատկապես հեռուստաընկերությունները, որոնք ամենամեծ լսարանն ունեն, մինչդեռ հայկական հեռուստաընկերություններն այդպիսի որակյալ աշխատանք այդ օրերին չկարողացան ապահովել:
«Մեր պաշտպանության նախարարությունը հնարավորություն տվեց լրագրողներին աշխատել տեղում, ներկայացնել իրավիճակը: Հետևաբար, ոչ մի հեռուստաընկերություն խոչընդոտի չէր հանդիպում և կարող էր հենց առաջին օրվանից հեռուստադիտողներին օպերատիվ տեղեկատվություն հաղորդել»,- ասել է Նավասարդյանը:
Ըստ փորձագետի՝ հեռուստաընկերությունների բացը լրացրել են առցանց լրատվամիջոցները, սակայն Նավասարդյանը նշում է նաև, որ Հայաստանում առցանց լրատվամիջոցներից օգտվողների թիվը գերակշռող չէ։