Ազատություն արջերին. Հայաստանից «ներգաղթյալները» բնակություն են հաստատել ռումինական ապաստարանում

Հայաստանի նախկին «բնակիչներ» Մաշան և Միշան իրենց առաջին քայլերն են կատարել Ռումինիայի ապաստարանի խոտածածկ հողի վրա` մի քանի երկրների կենդանասերների անդուլ ջանքերի շնորհիվ տեղափոխվելով այնտեղ:

Գյումրու մասնավոր կենդանաբանական այգու երկու արջերի կացության ծանր պայմանները դարձել էին միջազգայնորեն քննարկման թեման բանից հետո, երբ հունվարին այդ հարցը բարձրացվեց նաև բրիտանական հեղինակավոր The Daily Mail պարբերականի հոդվածում:

Հայաստանում կենդանասերները ևս բարձրաձայնել էին իրենց մտահոգությունը վատ պայմաններում պահվող և թերսնվող արջերի և այլ կենդանիների, այդ թվում` առյուծների կապակցությամբ, քանի որ կենդանաբանական այգու սեփականատերը հիվանդության պատճառով այլևս չէր կարողանում հոգ տանել նրանց մասին:

Ինչպես հաղորդել է earthisland.org ամսագիրը, Libearty կոչվող կենդանիների ապաստարան արջերի տեղափոխումը հնարավոր է դարձել Հայաստանի, Ֆրանսիայի, Իսպանիայի և Ռումինիայի կենդանասերների համատեղ ջանքերի շնորհիվ:

Այս ամսվա սկզբին համացանցում զետեղված տեսանյութում ներկայացված են նախկին «հայկական» արջերի առաջին քայլերը ապաստարանում, որտեղ արդեն բնակություն են հաստատել նրանց շուրջ յոթ տասնյակ ազգակիցներ: Արջերի «դրախտը» հիմնվել է 1998 թ . Կարպատյան լեռներում` Տրանսիլվանիայի Զեռնեշտի քաղաքի մոտ և զբաղեցնում է 70 հեկտար կաղնու և ընկուզենու անտառ:

Մաշայի և Միշայի «ներգաղթի» հետ կապված բոլոր փաստաթղթային ձևակերպումներից հետո, ինչպես երևում է տեսանյութում, արջերը գարնան տաք եղանակի պայմաններում լիարժեք վայելում են իրենց նոր բնակավայրը, թռչկոտելով և լողավազանում լոգանք ընդունելով:

Ավելի վաղ էգ առյուծ Մերին և նրա երկու կորյունները` Զիտան և Գիտան, որոնք բրիտանական պարբերականի բնութագրմամբ` «աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգու» բնակիչներն էին, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ տեղափոխվել էին Հայաստանի Կովկասյան կենսաբազմազանության արգելոց: