«Ոգեշնչվի՛ր և ստեղծի՛ր». հինգ նոբելյան դափնեկիրներն այցելել են Հայաստան բժշկական համալսարանում դասախոսություններ կարդալու համար

Photo: Photolur

Այս շաբաթ Երևանում Նոբելյան մրցանակի հինգ դափնեկիրներ մասնագիտական և հանրային ինը դասախոսություններ կկարդան կենսաքիմիայի, ֆիզիկայի և բժշկության թեմաներով` հայաստանյան լսարանին ներկայացնելով իրենց հայտնագործությունները, մասնագիտական դաշտում ունեցած գիտական ձեռքբերումներն ու բացառիկ հաջողությունները:

Տարածաշրջանում առաջին անգամ անցկացվող միջոցառումը «Ոգեշնչվի՛ր և ստեղծի՛ր» խորագրով կազմակերպել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: Կազմակերպիչները համոզված են` այն աննախադեպ հնարավորություն է՝ տեսնելու և լսելու այն, ինչը փոխել է աշխարհն ու դարձրել արժանի Նոբելյան ժառանգության: Այն գիտական երկխոսության ու մտերմիկ զրույցի հնարավորություն է տարբեր մշակույթներ և ավանդույթներ ունեցող, տարբեր գիտական դպրոցներ ներկայացնող անհատների միջև:

«Մենք բարձր ենք գնահատում մեր գիտական ներուժը, մեծ հարգանք ունենք կրթության ավանդույթների նկատմամբ, բայց ունենք մի մեծ ցանկություն, որ այս 5 օրերի ընթացքում նոբելյան մրցանակակիրների օգնությամբ իրականում ստեղծենք և գործի մեջ դնենք գիտական նոր ծրագրեր ու ուղղություններ, ինչը թույլ կտա մեր երիտասարդներին, աշակերտներին ընդգրկվել այն ուղղությունների մեջ, որոնք առաջնորդում են Հայաստան ժամանած նոբելյան մրցանակակիրները»,- ասել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը:

Հայաստան ժամանած հինգ նոբելյան մրցանակակիրներից երեքը՝ կենսաբան Աարոն Չիխանովերը, Ադա Յոնաթը, քիմիկոս և ֆիզիկոս Դեն Շեխտմանը, Իսրայելից են, Ռոբին Ուորենը` Ավստրալիայից, քիմիկոս Էյ Իշի Նեգիշին` Ճապոնիայից:

Photo: Photolur
Photo: Photolur

Աարոն Չիխանովերը 2004-ին Նոբելյան մրցանակի է արժանացել քիմիայից` Իրվին Ռոուզի և Աբրահամ Գերշկոյի հետ: Ադա Յոնաթը՝ 2009 թվականին` ռիբոսոմների կառուցվածքի ու դրանց գործունեության վերաբերյալ հետազոտության համար։ Դեն Շեխտմանը մրցանակակիր է դարձել 2011-ին: Ռոբին Ուորենը Նոբելյան մրցանակի է արժանացեց 2005-ին բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում։ 1979 թվականին նա նորից բացահայտեց Helicobacter pylori մանրէն: Էյ Իշի Նեգիշին հայտնի է այսպես կոչված Նեգիշիի ռեակցիայի բացահայտման համար, նա քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել 2010 թվականին։

Նարիմանյանի դիտարմամբ` Նոբելյան մակարդակի մարդը ներկայացնում է ամեն ինչ այնպես, ինչպես ինքն է տեսնում:

«Կա մի ասացվածք՝ տաղանդավոր մարդն այն թիրախին է հասնում, որ ուրիշները չեն կարողանում հասնել, իսկ հանճարեղները կարողանում են տեսնել այն թիրախները, որ ուրիշները չեն կարող տեսնել: Մեզ համար նրանց տեսածն է կարևոր…Նոբելյան մրցանակակիրները դասավանդելու են այստեղ, ներկայացնելու են իրենց Նոբելյան դասախոսությունները, իսկ դասախոսությունը միայն բովանդակություն չէ, այն լուրջ արվեստ է, դաս է ոչ միայն ուսանողության համար, այլև վարպետության դասընթաց՝ դասախոսների համար»,- ասել է նա:

Համալսարանի պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի դիտարկմամբ էլ` պետք է փոխվի որոշակի մենթալիտետ, հասկանան, որ գիտությունը պարզապես թեկնածուական կամ դոկտորական թեզի պաշտպանություն չէ, որը շատ անգամ անում են կարիերայի աճի համար:

«Նա պետք է տեսնի, թե ինչ է իսկական գիտնականը, նա նաև պետք է տեսնի, թե իսկական գիտնականն ինչի կարող է հասնել, մենք պետք է ոգեշնչվենք և դրա հիման վրա ստեղծենք նորը, մնայունը»,- ասել է նա: