Փող բանակի համար. Հայաստանում աճում են հակակոռուպցիոն տրամադրությունները ղարաբաղյան լարվածության ֆոնին

Վերջին շաբաթներին աշխարհի լրատվամիջոցների առաջին հորիզոնականները զբաղեցրած «Պանամայի փաստաթղթերը», որոնք օֆշորում գրանցված բազմաթիվ ընկերությունների մասին տեղեկատվություն էին բացահայտում, անմասն չեն թողել նաև Հայաստանը: Այդ փաստաթղթերում շրջանառվում է նաև Հայաստանի արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանի անունը, որի Պանամյան օֆշորային բիզնեսների վերաբերյալ հետաքննություն է հրապարակել «Հետք» կայքը:

Ու մինչ Հայաստանի ոստիկանությունը հայտնել է, որ ուսումնասիրում է Պողոսյանի մասին հրապարակված տվյալների` իրականությանը համապատասխանելու հարցը, այս տեղեկատվությունը ավելացրել է հայերի զայրույթը մի ժամանակաշրջանում, երբ ղարաբաղյան հակամարտությունը 1994-ի զինադադարից հետո առավելագույնս սրվել է` առաջ բերելով հայկական զինված ուժերի սպառազինության բավարար լինել-չլինելու հարցը:

Ապրիլի 2-5-ը տևած պատերազմական դրությունից հետո Հայաստանի նախագահը հայտարարել էր, որ հայ զինվորները 80-ականների զենքով է կռվում, ու թեպետ դրանից հետո պաշտպանության նախարարության ներկայացուցիչները բազմիցս նշել են, որ հայկական զինված ուժերը ունեն նաև արդիական զինատեսակներ, հասարակության մի զգալի հատվածին արդեն այդ հավաստիացումները բավարար չեն:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մեդիայի ու քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչները բազմաթիվ հրապարակումներ ու հաշվարկներ են անում, ցույց տալու համար, թե բյուջետային միջոցների արդյունավետ ծախսի պարագայում որքան գումար էր հնարավոր տնտեսել ու բանակի արդիական սպառազինությանն ուղղել:

Հրապարակումները, որոնք հիմնականում ուղեկցվում են #փողկա, #փողբանակիհամար, #մերփողերը հեշթեգներով, ոչ միայն անդրադառնում են բյուջեից ու պետական միջոցներից կատարված ծախսերին, որոնք երբեմն չարդարացված թանկարժեք իրերի համար են արվել, այլ նաև պետական պաշտոնյաների ունեցվածքին` հազարավոր դոլարներ արժեցող տներին ու ավտոմեքենաներին:

Դրանցում, օրինակ, խոսում են ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի(ԿԲ)` ուսումնական կենտրոններից յուրաքանչյուրի համար ծախսված 45-ական մլն դոլարի մասին, որը ներառում է, ասենք, 80 հազար դոլարանոց խոհանոցային սպասք: Կամ, օրինակ` կառավարության շենքի երեք դահլիճների վերանորոգումը, որն արժեցել է 500 հազար դոլար:

«Հայկական ժամանակ» թերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը պետական միջոցների անարդյունավետ ծախսելու վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ է պատրաստել:

Նրա խոսքով` թեպետ Կենտրոնական բանկի և ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնների ծախսերը ուղղակիորեն պետբյուջեից չէին, դրանք, միևնույնն է, մասնավոր գումարներ չեն, պետությունից են վերցված:

«ԿԲ-ն այդ փողը հավաքել էր էմիսիաների շնորհիվ: Ֆիննախի ծախսերը թե ի՛նչ սխեմաներով են արվել, մինչև հիմա լրիվ պարզ չէ, բայց այնպես չէ, որ եթե կառավարությունը ուզենար, այդ գումարները չէր հայտնաբերի: Այդ գումարները ծախսելու սխեմաները անհայտ են հանրությանը, բայց ոչ համապատասխան գերատեսչություններին»,- «ԱրմենիաՆաուին» ասում է տնտեսական մեկնաբանը:

«Միանշանակ է, որ ոչ մի լումայի մասնավոր ներդրում այդ ծախսերի մեջ չի եղել: Իսկ այն, ինչը մասնավոր չէ, ի վերջո նստում է հարկատուների ուսերին, ներառյալ նաև ԿԲ-ի իրականացրած էմիսիաները»,- հավելում է Գևորգյանը:

Հանրությանն ավելի շատ զայրացնում է այն, որ միայն զոհերի գնով հնարավոր եղավ իմանալ, որ բանակի վրա անհրաժեշտ ու ներկայացված գումարը չի ծախսվում: «Բանակն իրականում» խմբի ակտիվիստ Ծովինար Նազարյանը «Հրապարակ» թերթում լույս տեսած մեկնաբանության մեջ նշել է, որ «տարիներ շարունակ Սերժ Սարգսյանը իր նախընտրական քարոզչությունը կառուցում էր այն փաստարկի վրա, թե տնտեսապես լավ չենք ապրում, քանի որ նյութական միջոցներն ուղղում ենք բանակին»։

«Հիմա արդեն նույնիսկ ձևացնել հնարավոր չէ, որ դա մի մեծ սուտ էր։ Հիմա պետք է բոլոր պաշտոնյաները իրենց բոլոր թերացումների համար պատասխան տան … այն բանի համար, որ անապահով ընտանիքների զավակների կյանքի հաշվին գումարներ են գրպանվել, որոնք կարող էին ու պիտի ուղղվեին բանակի բարեփոխմանը»,- գրել է Նազարյանը։

Հայ պաշտոնատար անձինք հերքում են պետական կառավարման համակարգում խոշորածավալ կոռուպցիայի մեղադրանքները և այն, որ դա կարող է ազդել երկրի պաշտպանունակության վրա, պնդելով, որ հայկական բանակը լավ զինված և հագեցած է` Լեռնային Ղարաբաղի կամ Հայաստանի դեմ Ադրբեջանի որևէ ագրեսիային պատշաճ դիմակայելու համար: