Հասարակության հաղթանա՞կ. օֆշորային սկանդալի պատճառով գլխավոր հարկադիր կատարողի հրաժարականի լուրը Հայաստանում քննարկումների առիթ է դարձել

Photo: Photolure

Համաշխարհային օֆշորային սկանդալի հետ առնչություն ունեցող Հայաստանի արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության պետ Միհրան Պողոսյանի հրաժարականի մասին երկուշաբթի հայտնի դարձած լուրը հասարակությունը թեպետ որպես հաղթանակ է դիտում, սակայն բավարար չի համարում արդարության վերականգնման ու իրավական տեսանկյունից:

214 հազար օֆշորային ընկերությունների մասին տեղեկություններ պարունակող 11,5 մլն գաղտնազերծված փաստաթղթերի մեջ Պողոսյանի անվան առկայության մասին գրել էր «Հետք» պարբերականը, ու պաշտոնյայի հրաժարականը նաև մեդիայի հաղթանակ է դիտարկվում, սակայն հիմա գնդակը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դաշտում է, որին հրապարակումից հետո դիմել էր «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը:

«Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին»,- ԴԱՀԿ ծառայության պաշտոնական կայքէջում իր հրաժարականի մասին գրել է Պողոսյանը:

«Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի: Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու»,- նշել է 39-ամյա արդարադատության գեներալ-մայորը։

Այս լուրը երկուշաբթի առավոտյան գլխավոր թեմա էր դարձել ու ողջ օրվա ընթացքում երկակի գնահատականների տեղիք տվել: Եթե ոմանք զավեշտի օգնությանն էին դիմում` ցույց տալու համար, որ հրաժարականը Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ կապ չունենալու ցանկությամբ պայմանավորելը թույլ փաստարկ է, մյուսները հրաժարականը փախուստ էին որակում և քննության ու հատուցման կոչ անում:

«Նոր իմացա, որ Թվիթերում ես գրանցված եմ Իլհամ Ալիևի հետ միասին նույն հարթակում։ Ամաչում եմ դրա համար։ Եվ պահանջում եմ, որ Ալիևը լքի Թվիթերը։ Քանի որ ինքս չեմ ուզում տեղս ազատել»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է բլոգեր, տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Պետք է անհապաղ մերժել տվյալ պատճառաբանությամբ հրաժարականի դիմումը և վերականգնել իրեն իր պաշտոնում։ Դրանից անմիջապես հետո պետք է իրեն պաշտոնանկ անել և դատել գողացված գումարների կապակցությամբ»,- գրել է մեկ այլ ֆեյսբուքյան օգտատեր Նազարեթ Սեֆերյանը` միաժամանակ շեշտելով, որ իր ասածը նաև հեքիաթի է նման։

«Ի՞նչ հրաժարական։ Քրեական հետապնդո՛ւմ և պետության ու անձանց կրած կորուստների վերականգնում»,- գրել է ակտիվիստ Ծովինար Նազարյանը:

Հարյուրավոր նման գրառումների կողքին միանշանակ էին նաև նրանք, որոնք Պողոսյանի հրաժարականը մեդիայի հաղթանակ էին դիտարկում, ինչին, սակայն, media.am կայքում վերապահումով էր վերաբերվել լրագրող, հրապարակախոս Ռուզան Խաչատրյանը.

«Խոստովանեմ, ձեռքերս պարզապես քոր են գալիս՝ գրելու, որ հենց այդպես էլ կա: Բայց մի շարք գործոններ առայժմ ստիպում են ձեռնպահ մնալ հետաքննող լրագրողների այս մեծ հաղթանակն ավետելուց»:

Խաչատրյանը նույնպես անդրադարձել է հրաժարականի ձևին ու բովանդակությանը. «Ժողովրդավարական երկրում պաշտոնյան իր մասին մեղադրական փաստերի հրապարակման օրն իսկ պիտի հրաժարական ներկայացներ և թեկուզ այսպես պատճառաբաներ՝ որպեսզի արդար քննություն անցկացվի, պաշտոնս չդիտվի որպես ճնշման միջոց, և հանրությունը հավատա, որ ես անմեղ եմ»:

«Ուրեմն, միայն այն ժամանակ Հայաստանը կդառնա իրոք ժողովրդավարական, երբ պետական որևէ պաշտոնյա իր դեմ ամենալուրջ փաստերի հրապարակումից հետո անմիջապես հաշվի կնստի այդ փաստերի հետ, կա՛մ դրանք ժխտող անհերքելի ապացույցներով հանդես կգա, կա՛մ հրաժարական կներկայացնի»,- նշել է լրագրողը:

«Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն` անգամ հրաժարականի դեպքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կարող է քննել Պողոսյանին վերաբերող տեղեկությունները, ու իր պաշտոնավարման օրոք տեղի ունեցած ապօրինությունների հայտնաբերման դեպքում դրանց համար պատասխանատվություն նախատեսվում է:

Հանձնաժողովը ԴԱՀԿ ծառայության ղեկավարին վերաբերող դիմում դեռևս վարույթ չի ընդունել, քանի որ առայժմ ուսումնասիրություններ ու ճշգրտող գործողություններ են անում: Եթե, այնուամենայնիվ, վարույթ սկսվի, հայտնաբերված նյութերը հանձնաժողովը պետք է ուղարկի Հայաստանի գլխավոր դատախազություն։