Բնապահպաններ. կառավարության ծրագիրն անարդյունավետ է

Բնապահպաններն ահազանգում են, որ կառավարության կողմից գայլերի ոչնչացմանն ուղղված խոշոր գումարը աննպատակ է ծախսվում և այն պետք է փոխանցել հայոց բանակին` հաշվի առնելով վերջին շրջանում սահմանային լարվածությունը:

ՀՀ կառավարության որոշմամբ` նախատեսվում է Հայաստանում ոչնչացնել 200 գայլ, ինչի համար պետբյուջեից հատկացվել է 24 մլն դրամ, յուրաքանչյուր գայլ սպանող մարդուն կհատկացվի 123 հազար դրամ (մոտ 250 դոլար):

«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հարձակումները ոչ մի կերպ չեն նվազում որսի միջոցով: 24 միլիոն պետք է տանք մի գործի համար, որը բացարձակ ոչ մի առաջընթաց չունի և օգուտ չի բերում գյուղական տնտեսություններին: Հասկացանք, որ այդ գումարը ծախսվում է հենց այնպես, և երկրի օրհասական վիճակում այդ գումարը պետք է ուղղվի հայոց բանակին»,- երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը:

Բնապահպանները տեղեկացրին նաև, որ վերջին 20 տարվա ընթացքում գայլերի թվաքանակի մոնիթորինգ չի անցկացվել, և իրենք պատրաստվում են կրկին դիմել վարչապետին, որպեսզի նշված գումարը փոխանցվի Արցախին:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանն էլ նշեց, որ Հայաստանում էկոհամակարգերը բարվոք վիճակում չեն, և ոչնչացվել է գայլերի ապրելու տարածքը: Բացի այդ, քանի որ Հայաստանում կենդանիների որսն անվերահսկելի է, որսում են գայլերի սնունդը, որոնք էլ քաղցած են մնում:

«Գայլը ստիպված է դուրս գալիս, նա հաճույք չի ստանում այդ «պատերազմից», նա շատ խելացի կենդանի է: Դա նշանակում է, որ մենք գայլի տարածքը կա՛մ շինարարության տակ ենք դրել, կա՛մ անտառն ենք ոչնչացրել, այսինքն՝ ոչնչացրել ենք նրա ապրելու տարածքը»,- նշեց նա:

Բնապահպան-ակտիվիստ Կարինե Փանոսյանն էլ իր հերթին նշեց, որ բնապահպանության նախարարությունը բնապահպանների հետ համագործակցության քայլեր փորձում է ձեռնարկել, սակայն ով և ինչպես է նրանց վրա ազդում և արգելում` պարզ չէ: