Ավտոբուսի պայթյունից հետո երկու վիրավորի վիճակը ծանր է, հինգինը` կայուն

Photo: Photolure

Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն երկուշաբթի ավտոբուսի պայթյունից տեղափոխված բոլոր տուժածների վիճակը գնահատվում է ծանր:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել էր, որ Երևանի հարավարևմտյան Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում պայթել է թիվ 63 երթուղու ավտոբուսը, ինչի հետևանքով կա երկու զոհ և յոթ վիրավոր, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ հինգինը՝ կայուն ծանր:

Ավտոբուսի պայթյունից տուժած երկու պատանիներին՝ Էդգար Գասպարյանին (2002 թ. ծնված) և Ռոլանդ Խոջայանին (2001 թ. ծնված), շտապ օգնության մեքենաներով «Արմենիա» ԲԿ-ից տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը գիշերը՝ վիրահատություններից հետո երկու դեռահասների վիճակը կայունացել է:

Վիրահատական բարդ միջամտության արդյունքում բժիշկներին հաջողվել է պահպանել պատանիներից մեկի վերջույթը: Բժշկական անձնակազմի խոսքով` երիտասարդներին հետագայում սպասում են վերականգնողական և պլաստիկ կրկնակի վիրահատություններ:

Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, մյուս տուժածների մոտ առկա են սալջարդեր և բեկորային վնասվածքներ: Տուժածներից մեկը 37-ամյա հղի կին է, որի կյանքին և պտղին վտանգ չի սպառնում: Նրան հսկում է ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը: