Տրանսպորտային մտահոգություններ. Երևանում ավտոբուսի պայթյունը հանրային բանավեճի տեղիք է տալիս

Photos: Photolure

Երկուշաբթի Երևանում տեղի ունեցած մարդատար ավտոբուսի պայթյունը հանրային տրանսպորտի խնդիրների բարձրաձայնման տեղիք է տվել: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ հանրային տրասպորտի խնդիրներին անդրադառնում են միայն այն ժամանակ, երբ դժբախտ պատահար է տեղի ունենում:

Ապրիլի 25-ին Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում պայթել էր թիվ 63 երթուղու ավտոբուսը, ինչի հետևանքով կա երկու զոհ և յոթ վիրավոր: Ավտոբուսը չի ունեցել գազի բալոն, այլ աշխատել է դիզելային վառելիքով, իսկ պայթյունը տեղի է ունեցել «տրոտիլ» տեսակի պայթուցիկի հետևանքով:

«Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից անմիջապես հետո քաղաքացիները շահարկեցին գազի բալոնի պայթելու վարկածը, իսկ պաշտոնյաները շտապեցին հերքել ավտոբուսի տեխնիկական անսարքությունը։ Սա խոսում է այն մասին, որ մարդիկ քաջատեղյակ են և վատ վերաբերմունք ունեն տրանսպորտի ոլորտի նկատմամբ»,- չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պիպոյանը:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը Երևանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ 2012 թվականից մինչ այժմ Երևան են ներկրվել ընդամենը 26 նոր ավտոբուսներ: Նրա խոսքով՝ երթուղիներ սպասարկող բազմաթիվ ընկերություններ այսօր սնանկ են և հրաժարվում են երթուղիներից:

«Մենք մրցույթներ ենք հայտարարում, և նոր ներդրողներ չկան, դիմողներ չկան: Տպավորիչ մի փաստ ասեմ. միայն 2005-ին Երևան քաղաք է ներկրվել է 500-ից ավելի միկրոավտոբուս, իսկ 2012 թ.-ից առ այսօր` ընդամենը 26 նոր ավտոբուս»,- նշել է Նավասարդյանը:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն էլ իր հերթին նշեց, որ Հայաստանում կարելի է ներդնել աշխարհի բազմաթիվ երկրներում գործող քարտային վճարման համակարգը:

«Երևանում նոր տեղադրված էլեկտրոնային չվացուցակները կա՛մ չեն աշխատում, կա՛մ էլ սխալ են աշխատում, դրա փոխարեն կարող էր լինել քարտային սիստեմը: Մյուս խնդիրն այն է, որ այսօրվա գազելներից ոչ մի երկրում չկան, իսկ Հայաստանում դա հիմնական փոխադրամիջոցն է»,- եզրափակեց Չիլինգարյանը, հավելելով, որ պետական կառույցները պետք է կարգավորեն առաջացած մի շարք խնդիրները: