Երևանի քաղաքապետարանը բնակարանով կապահովի Ղարաբաղում զոհված զինծառայողների ընտանիքներին

Photo: www.yerevan.am

Արցախում զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին, որոնք բնակվում են Երևանում, անհրաժեշտության դեպքում բնակարաններ կտրամադրվեն՝ հայտարարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ապրիլի 2-5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում թեժ բախումների ընթացքում հայկական կողմն ունեցել է 92 զոհ 121 վիրավոր:

«Մեր պարտքն է լինել զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքների կողքին, նրանց մեր ուշադրության ներքո պահել: Իմ կողմից եղել են հանձնարարականներ` ուսումնասիրել զոհված, վիրավոր զինվորների ընտանիքների վիճակը: Հանձնարարական է տրվել ուսումնասիրել զոհված հերոսների ընտանիքների բնակարանների կարիքների հարցը: Նրանք, ովքեր վարձով են բնակվում Երևանում, մեր կողմից բնակարաններ կստանան: Այսինքն` եթե անհրաժեշտություն լինի, կապահովենք բնակարաններով»,- Երևանի ավագանու այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում նշեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Սա միակ նախաձեռնությունը չէ, որով պետական կառույցները և հանրությունը փորձում են սատարել զինծառայողներին:

Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր էկոնոմիկայի նախարարությանը «ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր մշակել», իսկ «Հայբիզնեսբանկը» զրոյացրել է զոհված զինծառայողների ընտանիքների վարկային պարտավորությունները: