Նոր օրինագծով առաջարկվում է հանել զինվորական տարկետումը

Photo: Photolure

Իշխող կուսակցության ներկայացուցիչ Մանվել Բադեյանը կտրականապես դեմ է առաջարկված այն նախագծին, որ 18 տարին լրացած բոլոր երիտասարդները պարտադիր ծառայեն, իսկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն էլ կարծում է, որ պետք է ցանկացած զինծառայող որոշակի ժամանակահատված դիրքերում գտնվի:

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Ռուբեն Հակոբյանն ու «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում  փոփոխություններ կատարելու մասին նախագիծ են մշակել, որով նախատեսվում է, բացառությամբ որոշակի դեպքերի, առանց տարկետման բանակ զորակոչել 18 տարին լրացած տղաներին:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն էլ նշել է, որ կառավարությունը պատրաստ է այս հարցի շուրջ քննարկումներ ծավալելու. «Ձեր գաղափարը լրամշակված տեսքով կառավարությունը շատ շուտով կներկայացնի խորհրդարան: Ինչո՞ւ, որովհետև կան որոշակի մասնագիտություններ, հատկապես՝ բնագիտական մասնագիտությունները, որոնց պոտենցիալն ուղղվում է ռազմարդյունաբերությանը, բացառությամբ որոշակի դեպքերի։ Մենք այդ լուծումը տալու ենք»,- նշել է նա:

«Ի՞նչ է նշանակում տղաներին զրկել սովորելու իրավունքից: Իմ խորին համոզմամբ` երբեք չի կարելի նման բան անել` բացառապես մի դեպքում, երբ երկիրը լայնամասշտաբ պատերազմի մեջ լինի, և այդ ժամանակ բոլորը պետք է գնան բանակ»,- ուրբաթ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Բադեյանը:

Սեդրակյանի խոսքով էլ` Հայաստանում գիտության մակարդակը նույնիսկ մոտ կանգնած չէ Իսրայելի մակարդակին, բայց այնտեղ գործում է ընդհանուր զորակոչի օրենքը, և եթե բանակում գործի հավասարության սկզբունքը, ընդհանուր զորակոչի օրենքը կրիտիկական չի դիտվի:

«Բանակում պետք է կատարվի սոցիալական դիվերսիֆիկացիայի ապահովում: Պետք է քվոտա գործի, որպեսզի բանակում ծառայող յուրաքանչյուր զինվոր որոշակի շրջան ծառայություն անցնի առաջնագծում, այդ թվում` հարուստների որդիները»,- եզրափակեց նա։