Աշխատանքային օրենսգրքում պետք է վերանայումներ կատարվեն օգնելու կամավորներին

Photo: Nazik Armenakyan/ArmeniaNow.com

Երբ ապրիլի սկզբին Ադրբեջանը հայկական երկրորդ հանրապետությունում վերսկսեց լայնածավալ ռազմական գործողությունները, բազմաթիվ կամավորներ մեկնեցին առաջնագիծ, սակայն արդեն օրեր անց հենց կամավորներից շատերի ընտանիքներն ունեն օգնության կարիք։

Այս օրերին մամուլում ու սոցիալական ցանցերում շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղ որպես կամավոր մեկնած անձանցից ոմանք ազատվում են աշխատանքից։

Փաստաբանների պալատի անդամ Ինեսա Վարդանյանն ասում է, որ իրեն են դիմել երկու կամավորական, որոնց գործատուն աշխատանքից ազատել է աշխատանքի չներկայանալու պատճառաբանությամբ:

Վարդանյանն ասում է, որ իր պաշտպանյալներից մեկը գիշերն է մեկնել Արցախ ու միայն հեռախոսազանգով, բանավոր կերպով է հասցրել հաշվապահին տեղեկացնել այդ մասին:

«Իրավական առումով դա թույլ ծանուցում էր: Օրենսգրքով միայն անհարգալից բացակայության դեպքում գործատուն կարող է աշխատողին ազատել աշխատանքից։ Մեզ երկուսն են դիմել, բայց նման դեպքերը շատ են: Քանի որ հարցը հանրային հնչեղություն ստացավ, այն կկարգավորվի, և կոնկրետ մեզ դիմած երկու տղաներն էլ աշխատանքի կանցնեն»,- ասում է Վարդանյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանն էլ ասում է, որ ապրիլյան դեպքերը պարտադրում են վերանայումներ կատարել անցյալ տարի փոփոխված Աշխատանքային օրենսգրքում:

«Ուսումնասիրում ենք մեր աշխատանքային օրենսդրությունն ամբողջությամբ` առավելապես հստակեցնելու և երաշխիքներ նախատեսելու այն մարդկանց համար, ովքեր այս կամ այն ձևով կթողնեն իրենց աշխատանքը և որպես կամավորներ կմեկնեն սահմանը պաշտպանելու»,- ասում է Ավետիսյանը։
Կան նաև ընկերություններ, որոնք ոչ միայն չեն ազատում աշխատանքից, այլ նույնիսկ պարգևավճարներ են տալիս սահման մեկնած իրենց աշխատակիցներին։

Առհասարակ այս օրերին շատ է խոսվում առաջնագծում կամավորների դերակատարության ու նրանց կատարած մեծ աշխատանքի մասին։ Սակայն հատկանշական է նաև այն, որ կամավորների ընտանիքներից շատերն այսօր իրենք օգնության կարիք ունեն։ Սոցցանցերում շրջանառվում են նաև լուրեր, երբ աշխատանքը թողած և կամավոր առաջնագիծ մեկնած անձանց ընտանիքներում եղել են դեպքեր, երբ չեն կարողացել կոմունալ վճարումները կատարել և զրկվել են գազից, էլեկտրաէներգիայից։

Այս լուրերը շատ բարերարների ստիպել են բացի Արցախ ուղարկվող օգնությունից, օգնել նաև այս ընտանիքներին։

Մասնավորապես, Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի մամուլի ծառայությունն օրեր առաջ տեղեկացրել է, որ բացի այս օրերին զոհվածների ընտանիքներին Կարապետյանների ընտանիքի կողմից փոխանցվող 2000-ական դոլարից, նաև հաշվի է առնվել, որ սահման որպես կամավորական են մեկնել ընտանիքների հիմնական կերակրողները, ինչի համար Կարապետյանների ընտանիքի կողմից աջակցություն կստանան նաև Լոռու մարզի մոտ 200 կամավորների ընտանիքներ:

Երկուշաբթի էլ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Հադրութի շրջանի համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ հանդիպմանը կարևորել է «համայնքներում կամավորական աշխատանքների անհրաժեշտությանը, որոնց միջոցով պետք է հատկապես այս օրերին աջակցել կարիքավոր բոլոր ընտանիքներին՝ փոխարինելով առաջնագծում գտնվող նրանց անդամներին»: