Մամուլի միջազգային ազատության օր. գրաքննություն վնասակար է, նույնիսկ պատերազմի ժամանակ

Սամվել Մարտիրոսյանը (Photo: Photolure)

Պատերազմական իրավիճակում լրագրողը կարող է տալ գաղտնի համարվող տեղեկատվություն, որի հրապարակումը, սակայն, հանրային շահից է բխում` լրագրողների հետ հանդիպմանը մամուլի միջազգային ազատության օրվան նվիրված ասուլիսին ասաց բլոգեր, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի սկսված քառօրյա պատերազմին հաջորդած ժամանակահատվածում մեդիա հարթակներում և սոցիալական ցանցերում առաջարկվում է գրաքննություն մտցնել լրատվամիջոցների` ռազմական դրության մասին հաղորդած տեղեկատվության մեջ, ինչին բլոգերը այնքան էլ համաձայն չէ:

«Միայն բանակը չէ, որ պետք է թելադրող լինի՝ ինչ հրապարակել, ինչը` ոչ: Լրագրողական համայնքն էլ իր իրավունքները պետք է պաշտպանի. բանակը կարող է գաղտնիացնել այնպիսի տեղեկատվություն, որ կարող էր և ազատ հրապարակվել»,- ասաց փորձագետը:

Մարտիրոսյանը, որպես օրինակ վկայեց հակառակորդի` ամեն ինչ գաղտնի պահելու մարտավարությունը:

«Մեր հարևան պետությունը թույլ չի տալիս, որ իր բանակում կատարվող որևէ նեգատիվ երևույթի մասին տեղեկության արտահոսք լինի, նույն զոհերի թիվը նրանց մոտ մինչև հիմա 33 է, իսկ միակ լրատվամիջոցի` «Մեյդա TV»-ի գործունեությունը, որը համարձակվեց զոհերի մասին իրական թվեր հրապարակել, արգելափակված է: Չեմ կարծում, որ մենք պետք է ամեն ինչ գաղտնի պահելու ուղին ընտրենք»,- ասաց նա:

Մարտիրոսյանը նշեց, որ ապատեղեկատվության տարածումը կանխելու համար հայկական բանակը պետք է ավելի շատ խոսի:

«Ճիշտ է, հիմա ավելի քիչ բան է կատարվում, քան քառօրյա պատերազմի ժամանակ, բայց մարդիկ հոգեբանորեն դեռ լարված վիճակում են, և տեղեկատվություն նույնիսկ այն մասին, որ սահմանին ոչինչ չի կատարվում, նույնպես կարևոր է»,- ասաց նա, հավելելով, որ հենց բանակը լռում է, խոսում են ոչ պաշտոնական աղբյուրները` տեղեկատվական դատարկությունը լցնելու համար: