Analitik-ի սկանդալ. կայքի դեմ մեղադրանքները ստվեր են գցում հայաստանյան մեդիա դաշտի վրա

Analitik.am լրատվական կայքի տնօրենի ու իր օգնականի օրեր առաջ շորթման մեղադրանքով տեղի ունեցած ձերբակալությունը մարտահրավեր է հայաստանյան մեդիա ոլորտին, քանի որ հանրայնացնում է դաշտում նման խնդրի առկայությունն ու կարևոր դարձնում դրա դեմ պայքարի ուղիներ փնտրելու անհրաժեշտությունը:

Ոստիկանության փոխանցմամբ` մայիսի 2-ին Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներից մեկը հաղորդում էր տվել, որ analitik.am-ի տնօրեն Անի Հովհաննիսյանն իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր պատգամավորական գործունեությանը վերաբերող սուտ տեղեկություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր չհրապարակելու համար իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազար դրամ (մոտ 700 դոլար):

Մայիսի 3-ին ոստիկանությունը շորթման առարկա հանդիսացող գումարը վերցնելուց հետո բերման է ենթարկել կայքի տնօրենի օգնականին: Այնուհետ, որոշ լրատվամիջոցներ տեղեկացրել են, որ Հովհաննիսյանի դեմ հաղորդում է ներկայացրել «Ալյանս» կուսակցության նախագահ, նախկին ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը:

Ձերբակալությունը լայն արձագանք էր ստացել հանրության շրջանում հաջորդ օրը` մայիսի 4-ին` հեգնանքից մինչև դատապարտում, ընդ որում, հնարավորինս չեզոք դիրքորոշում էր պահպանում լրագրողական համայնքը:

Media.am կայքի համակարգող, լրագրող, մեդիա փորձագետ Գեղամ Վարդանյանի կարծիքով` լրագրողական հանրությունը պետք է քննարկի այս դեպքը ու վերլուծի, թե ինչպես վարվել առկա տեղեկատվության հետ:

«Այս ձերբակալությունը գուցե առիթ է երևույթի մասին խոսելու, երևույթ ասելով նկատի ունեմ այն խոսակցությունները, որ կան հատուկ ստեղծված, մինիմալ ռեսուրսներով աշխատող կայքեր, որ «սև» փողեր աշխատելով են զբաղված»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Վարդանյանը:

Ըստ փորձագետի` առնվազն այն լրատվական կայքերն ու խմբագրությունները, որ ունեն հավատարիմ ու կայուն, իրենց վստահող լսարան, չպետք է անհանգստանան, թե այս միջադեպը կարող է օգտագործվել իրենց անաչառությունը կասկածի տակ դնելու համար:

«Այդ կայքերը պետք է շարունակեն աշխատել ու ամրապնդել վստահությունը, այդ դեպքը թող դատարանը պարզի»,- ասում է նա:

Բազմամյա աշխատանքային փորձ ունեցող լրագրող Լիլիթ Ավագյանը հստակ գիտի` լրատվամիջոցները գոյատևելու խնդիրը կարգավորելու նպատակով երբեմն՝ ստիպված, երբեմն՝ «հաճույքով», դիմում են տարբեր պաշտոնյաների կամ գործարարների՝ լրատվամիջոցի ոչ լեգալ հովանավորությունը ստանձնելու խնդրանքով:

«Գումարի համար, հասկանալի է, առաջարկվում է ծառայություն՝ չեզոք լինել տվյալ քաղաքական գործչի հանդեպ, տվյալ գործչի պատվերով կամ խնդրանքով գրել մեկ այլ քաղաքական գործչի դեմ»,- Media.am կայքում գրել է Ավագյանը: «Լրատվամիջոցներն այսպիսով կախման մեջ են հայտնվում «եկամտի աղբյուրից» և, ըստ էության, անազնիվ գործարքի մեջ են մտնում ընդդեմ ընթերցողի, հեռուստադիտողի»:

Ըստ լրագրողի` այսպիսով խնդիր է առաջանում այն լրատվամիջոցների ղեկավարների համար, որոնք փորձում են դաշտում ազնիվ աշխատել, քանի որ նրանք բարոյական ու ֆինանսական խնդիրների առջև են կանգնում: Ու մինչ շատերը լրագրողների կողմից պետական պաշտոնյաներից, գործարարներից գումարներ խնդրելու, պահանջելու, կորզելու բազմաթիվ հիմնավորումներ կարող են լինել, Ավագյանը դա արդարացում չի համարում:

«Լրագրողի աշխատանքը բացառիկ բարեխղճություն է պահանջում: Եվ հարգանքը լրագրողի կոչման հանդեպ, ընթերցողի վստահությանն արժանանալու պարտավորությունը և, ի վերջո, պարզապես ազնիվ աշխատելու ցանկությունը անհամեմատ ավելի արժեքավոր են, քան պատվիրատուների ծրարները»,- գրել է նա: