
Կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում աշխատողների համար կսահմանվեն աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ` ըստ Հայաստանի կառավարության որոշման:
Հինգշաբթի գործադիրը հավանություն է տվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծին, որի համաձայն կամավորների աշխատատեղերը կպահպանվեն, և նրանք իրենց ծառայության ամբողջ ընթացքում կստանան աշխատավարձը:
Փոփոխությունների անհրաժեշտությունը, որոնք դեռ պետք է ընդունվեն Ազգային ժողովի կողմից, առաջացել էր անցյալ ամիս Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ քառօրյա պատերազմից հետո, երբ Հայաստանի բոլոր կողմերից հարյուրավոր կամավորներ մեկնեցին ռազմաճակատ` նեցուկ կանգնելու կանոնավոր զորքերին:
Հետագայում նրանցից ոմանք, ինչպես հաղորդվել էր, իրենց գործատուների հետ խնդիրներ էին ունեցել:
Եթե առաջարկվող փոփոխություններն ընդունվեն, դրանք կունենան նաև հետադարձ ուժ և կտարածվեն նաև հակամարտության ժամանակահատվածի վրա: