Կոռուպցիայի դեմ պայքար. ԵՄ-ն ցանկանում է տեսնել Հայաստանի բարեփոխումների արդյունքները

Piotr Switalski / Photo: Photolure

Հայաստանում կայացած հակակոռուպցիոն ֆորումում Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ եթե Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունքներ չլինեն, ապա ԵՄ-ն չի տրամադրի 15 միլիոն եվրոն, որը ըստ համաձայնագրի խոստացել էր հատկացնել հակակոռուպցիոն պայքարին:

Դեսպան Սվիտալսկու հայտարարությունը Հայաստանում հարց է առաջացրել, թե արդյոք Հայաստանի հիմնական վարկատուներ հանդիսացող արևմտյան գործընկերները շահագրգռվա՞ծ են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարով: Կա՞ արդյոք հույս, որ կառավարությունն ինքը ձեռնամուխ կլինի բարեփոխումների, և միջազգային հանրությունը Հայաստանի վրա ներգործելու ի՞նչ լծակներ ունի:

Հայաստանում հակակոռուպցիոն պայքարը գլոբալ գործընթացի մաս է, և պատահական չէ, որ դեսպան Սվիտալսկին հայտարարությունն արել է այն օրերին, երբ Լոնդոնում անցկացվում էր գլոբալ հակակոռուպցիոն ֆորումը: Հինգ խոշոր երկրներ ընդունել են ձեռնարկությունների և գույքի սեփականատերերի մասին տվյալները բացելու մասին որոշում, նրանց են միացել տասնյակ այլ երկրներ: Սա ապաօֆշորացման և կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացի մաս է:

Թեև մայիսի 12-ին տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը կոռուպցիայի դեմ պայքարը կոչել է Հայաստանի համար հրամայական և նույնիսկ հանձնարարել մշակել ինչ-ինչ միջոցներ, հասարակական-քաղաքական շրջաններում այն թատրոն են կոչել: Կառավարության նկատմամբ վստահություն չկա. իշխող շրջանակների ներկայացուցիչների հայտարարել են, որ սպասում են կոնկրետ քայլերի, իսկ ընդդիմությունը կոչ է արել կառավարությանը սկսել իրենից:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է արել ստորագրել և վավերացնել ՄԱԿ-ի 2003 թ. Կոռուպցիայի դեմ կոնվենցիան` հանելով 20-րդ հոդվածի նկատմամբ նախկինում Հայաստանի կողմից կատարված վերապահումը: Պարզվում է` Հայաստանը չի ընդունել այդ հոդվածը, որը քրեորեն պատժելի արարք է որակում «ապօրինի հարստացումը», այսինքն`
պետական պաշտոնյայի օրինական եկամուտները գերազանցող ունեցվածքի այնպիսի նշանակալի ավելացումը, ինչն այդ անձը չի կարող հիմնավոր կերպով բացատրել: Ինչից հետո ստուգել բոլոր Հայաստանի բոլոր պաշտոնատար անձանց ունեցվածքի և եկամուտների համապատասխանությունը` նշված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ:

Հայաստանը չի հայտարարել գլոբալ հակակոռուպցիոն դաշինքին միանալու մասին, չի վավերացրել Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 20-րդ հոդվածը և, հետևաբար, հետագայում նույնպես կդիտվի որպես մի երկիր, որտեղ պոտենցիալ թաքցվում են պաշտոնյաների եկամուտները և դրանց աղբյուրը:

Արդյոք Հայաստանի դեմ կկիրառվե՞ն միջոցներ «ստիպելու» պայքարել կոռուպցիայի դեմ: Նման միջոցների շարքում նշում են վարկերի հերթական տրանշը կամ նոր վարկեր տրամադրելուց հրաժարվելը: Իսկ քանի որ վերջին վեց ամիսների ընթացքում Հայաստանն ավելացրել է իր պետական պարտքը 1 միլիարդ դոլարով, այսինքն` 20 տոկոսով, կառավարության համար շատ կարևոր է վարկերի ժամանակին ստացումը: Առանց դրանց կառավարությունը հազիվ թե կարողանա կատարել իր սոցիալական պարտավորությունները:

Համաշխարհային բանկի զեկույցում Հայաստանը համարում են աշխարհի ամենամենաշնորհային տնտեսություն ունեցող երկրներից մեկը, և, ինչպես ասում են փորձագետները, դա պայմանավորված է ոչ միայն փոքր հայկական շուկայով, այլև այն հանգամանքով, որ Հայաստանի տնտեսությունում ամեն ինչ հստակ քվոտավորված է, այսինքն` առկա է կոռուպցիա իր ամենաայլանդակ տեսքով` քրեական օլիգարխիայի: