Գառնիի hաջողություն. վարչապետը բողոքի ցույցերից հետո դադարեցրել է վիճահարույց ոռոգման ծրագիրը

Photo: Photolure

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը չեղարկել է վիճահարույց ոռոգման ծրագիրը, որը, ըստ Հայաստանի կենտրոնական մասում գտնվող մեծ գյուղի բնակիչների, կանդրադառնա իրենց գյուղատնտեսական համայնքի կյանքի վրա:

Գառնիի հարյուրավոր գյուղացիներ, որոնք իրենց հիմնական ոռոգման ջուրը ստանում են մոտակա Ազատ գետից, վերջին մի քանի շաբաթների ընթացքում անցկացրած բողոքի ակցիաների ընթացքում մի քանի անգամ փակել էին Հայաստանի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկը` 1-ին դարում կառուցված հեթանոսական տաճար տանող ճանապարհը:

Նրանք պահանջում էին, որ այդ ծրագիրը, ըստ որի Ազատ գետի ջրերի մի մասը կօգտագործվի Արտաշատի շրջանի 12 համայնքների ոռոգման նպատակով, չեղարկվի:

Մայրաքաղաք Երևանից մոտ 30 կմ դեպի արևելք գտնվող շուրջ 5000 բնակչություն ունեցող Գառնիի բնակիչներն ասում են, որ գետը հազիվ է բավարարում իրենց ոռոգման և խմելու ջրի կարիքները, և որ ծրագիրը կյանքի կոչվելու դեպքում իրենք կարող են զրկվել ապրուստի միջոցներից:

Գառնիի բողոքի ցույցերը նոր թափ ստացան անցյալ ամիս այն բանից հետո, երբ կիրճում շինարարական աշխատանքների նախապատրաստման համար ծանր տեխնիկա բերվեց:

Գյուղացիները կառավարությանը մինչև կիրակի` մայիսի 22-ը, ժամանակ տվեցին Հայաստանի չորս գյուղատնտեսական շրջանների ջրի և էլեկտրաէներգիայի խնայողության նպատակով պոմպային ոռոգման չորս համակարգերը ինքնահոս ոռոգման համակարգերի վերածելու` Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի Գառնիին վերաբերող մասը դադարեցնելու համար, հակառակ դեպքում սպառնալով ճանապարհը անժամկետ փակ պահել, ինչպես նաև դիմել բողոքի այլ ձևերի:

Photo: Photolure
Photo: Photolure

Աշխատանքները դադարեցնելու իրենց վերջին փորձի ընթացքում շաբաթ օրը հարյուրավոր գառնեցիներ կրկին փակել են մայրուղին և չեն բացել, մինչև վարչապետ Աբրահամյանի ժամանումը:

Գյուղացիներից ոմանք պնդում են, որ Աբրահամյանը ծրագրից հիմնական շահ ունի, քանի որ նրա ընտանիքը տնօրինում է գյուղատնտեսական մեծ հողատարածքներ Արտաշատում: Կառավարությունը, սակայն, հերքում է, որ ծրագրի հիմքում ընկած են նման նպատակներ:

Աբրահամյանը, ով ինքն էր մեկնել Գառնի ցուցարարների մոտ, նրանց հետ զրույցից հետո հայտարարել է, որ շինտեխնիկան Գառնու կիրճից դուրս կբերվի, և ծրագիրը կդադարեցվի:

«Չեմ կարծում, որ լինի մի վարչապետ, որը ցանկանա, որ գառնեցու ջուրը կտրվի, գառնեցին վատ ապրի։ Ես ինքս հետ կքաշվեմ այդ ծրագրից, եթե իմանամ դա բացասական հետևանք ունի։ Եթե ամբողջ Գառնիի ժողովուրդը, բոլորը կուզեն, որ ծրագիրը չանենք, հարց չկա՝ չենք անի, վաղը հարցում ենք անցկացնելու՝ դա պարզելու համար», – ասել է նա ցուցարարներին` «Ա1+»-ի հաղորդմամբ:

Ըստ վարչապետի` քննարկումները կշարունակվեն մեկ այլ ծրագրի նպատակահարմարության շուրջ, որը ենթադրում է օգտագործել Գեղարդալիճ ջրամբարի ջրերը` Կոտայքի մարզի մի շարք համայնքների ինքնահոս ոռոգման համակարգի նպատակով:

Ցուցարարները ամբողջությամբ բավարարված չէին, ասելով, որ իրենք շարունակելու են պայքարել Գեղարդալճի ծրագրի դեմ, որը հիմնականում ազդելու է հարևան գյուղի` Գողթի վրա: