Մետաքսի ճանապարհն առաջարկում է շուկայի հնարավորությունների ընդլայնում

Regular meeting of the Eurasian Intergovernmental Council of the Eurasian Economic Union Member States/Photo by Photolure

ԵԱՏՄ շրջանակներում նախաձեռնված Մետաքսի մեծ ճանապարհի նախագիծը կարող է լավ հնարավորություն լինել Հայաստանի համար Չինաստանի հետ համագործակցության և այդ երկրի անսպառ շուկա մուտք գործելու համար` լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Մայիսի 20-ին Երևանում անցկացված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ երկրների փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր:

Նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրակարգի առանցքային կետերից կարևորել է Չինաստանի հետ համագործակցության հարցը, ինչն իրականանալու է եվրասիական նախագծի և Չինաստանի՝ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնությամբ:

Մետաքսի մեծ ճանապարհը, ըստ նախաձեռնության, Եվրոպան և Ասիան կկապի տարբեր երթուղիներով՝ ինչպես ԵԱՏՄ պետությունների, այդ թվում` Հայաստանի միջոցով, այնպես էլ Հնդկաստանով և Իրանով: Վարչապետի խոսքով՝ ունենալով պատմական փորձ և լինելով ԵԱՏՄ միակ երկիրը, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, Հայաստանը պատրաստ է իրականացնելու այդ նախագիծը:

Մանասերյանի կարծիքով` երկար տարիներ տարածաշրջանում մեկուսացված լինելով` սա լավ հնարավորություն է միջազգային շուկա դուրս գալու համար:

«Հայաստանի մասնակցությունը Մետաքսի մեծ ճանապարհի ծրագրին կարող է լուրջ բեկում մտցնել տարածաշրջանի հարևան երկրների ծրագրերում, ովքեր չեն ցանկացել տեսնել Հայաստանին ակտիվ տնտեսական քաղաքականության մեջ»,-ասաց նա, հավելելով, որ այս առումով Հայաստանը պետք է լուրջ պրոակտիվ քաղաքականություն վարի Չինաստանի հետ` օգտագործելով անսպառ չինական շուկան երկրի տնտեսության զարգացման համար:

Տնտեսագետ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ նշեց, որ Մետաքսի ճանապարհին հայերն ունեցել են մեծ առավելություն՝ կապող օղակ լինելու կտրվածքով.

«Այդ խոշոր ճանապարհը բացելու դեպքում եթե հայերը կապող օղակի առաքելությունը նորից իրենց վրա վերցնեն, կարող ենք մեծ օգուտներ ունենալ»։