
Հայաստանի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկը տանող ճանապարհին մի քանի բողոքի ցույցերի արդյունքում վիճահարույց ոռոգման ծրագրի չեղարկումը, ըստ բողոքողների՝ գառնեցիների, ևս մեկ անգամ հաստատում է առածի ճշմարտությունը՝ «գեղ կանգնի, գերան կկոտրի»:
Մայրաքաղաք Երևանից մոտ 30 կմ դեպի արևելք գտնվող համայնքների բնակիչներին` ահել, ջահել, շաբաթներ շարունակ փողոց էր բերում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ նախագծված Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը, որի նպատակն է Գառնի համայնքի տարածքում, Ազատ գետից մոտ 28 կիլոմետր երկարությամբ խողովակաշարով ջուրը Քաղցրաշենի պոմպակայանի ավազան տեղափոխել, որպեսզի ապահովվի Արարատի մարզի 12 համայնքների հողատարածքների ոռոգումը:
Հատկանշական է, որ Արարատի մարզի այդ համայնքներում հողատարածքներ ունի նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գյուղացիների պնդմամբ՝ այս ծրագիրը նրա և այլ իշխանավորների բիզնեսները զարգացնելուն է ուղղված: Բացի այդ, նշվում է, որ նախագծի իրականացման դեպքում կջրազրկվի Ազատ գետը, և հարակից տարածքները կամայանան:
Շաբաթ օրը, բողոքի հերթական ակցիայի ժամանակ, երբ հարյուրավոր գառնեցիներ ժամեր շարունակ փակ էին պահում Երևան-Գառնի ավտոմայրուղին, նրանց այցելեց Հովիկ Աբրահամյանն ու չեղյալ հայտարարեց Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը:
Մինչդեռ Աբրահամյանը նշել է, որ քննարկումները կշարունակվեն մեկ այլ ծրագրի նպատակահարմարության շուրջ, որը ենթադրում է օգտագործել Գեղարդալիճ ջրամբարի ջրերը` Կոտայքի մարզի մի շարք համայնքների ինքնահոս ոռոգման համակարգի նպատակով, ինչը, սակայն, այդքան էլ ցուցարարների սրտով չէ, և նրանք վստահեցնում են, որ չեն բավարարվի միայն Ազատ գետի «ազատագրմամբ» և Գեղարդալճի «պաշտպանությամբ էլ են զբաղվելու»:
«Մեզ շատ են սպառնացել, վախի մթնլորտ են ստեղծած եղել, որ իրենց ուզածն անեն, բայց մենք հո լավ ենք հասկանում, թե ինչ կլինի այդ ծրագրի կյանքի կոչման դեպքում: Ժամանակին ասում էին` Գառնին ջրերի ծով է, հիմա Գառնին դարձել է ջրերի սով, ես էսօր Գառնիում իմ հողերը, որով ընտանիքիս հացն եմ վաստակում, ջրելու խնդիր ունեմ, պատկերացնո՞ւմ եք` ինչ կլինի հետո, երբ էդ ծրագիրն իրականանա»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Գառնի գյուղի 46-ամյա բնակիչ Վահան Մկրտչյանը՝ հավելելով, որ «մարտական» են տրամադրված, ու եթե իշխանությունները փորձեն նորից շինարարությունը սկսել, ապա «պատերազմ կսկսեն»:
Մկրտչյանը, ով բողոքի ակցիաների առաջին իսկ օրից մասնակցում է դրանց, վստահ է, որ իշխանությունների ծրագրի իրականացման խոչընդոտողը հենց իրենք են եղել:
«Այս իշխանություններն այնքան են լկտիացել, որ նույնիսկ էս սկսած պատերազմը հախներից չեկավ: Նույնիսկ էդ մի քանի օրն էլ, երբ տեսան` ժողովրդի ուշքն ու միտքը Ղարաբաղն ա, իրենց սև գործը շտապեցին անել ու տեխնիկան բերեցին: Սրանց ամեն օր ա պետք հիշեցնել, որ ստեղ մարդիկ են ապրում»,- կարծում է գառնեցին:
Թռչկանի ջրվեժի, Թեղուտի անտառների, Երևանի Մաշտոցի պուրակի պայքարներից դեպի Գառնի տեղափոխված այս պայքարում Մկրտչյանը հաղթանակը կապում է նաև Հայաստանում քաղաքացիական հասարակության վերջին տարիների ունեցած ձեռքբերումների հետ:
«Տեսա՞ք անցյալ տարի էլ ամռանը, երբ ժողովուրդը լույսի թանկացման դեմ բողոքեց, էլի որոշվեց, որ չի թանկանա, էդ ա, էս երկրում հա պտի բողոքես»,- կարծում է նա:
Հատկանշական է, որ այս պայքարում, չնայած գյուղական կարծրատիպերին, նաև կանայք էին առաջամարտիկները: Աչքի ընկավ հատկապես գառնեցի Արուսյակ Այվազյանը, ով նույնիսկ կապ է հաստատել Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի հետ ու սկայպով զրուցել Վաշինգտոնում տեղակայված գլխավոր գրասենյակի ներկայացուցիչների հետ: Այվազյանը Համաշխարհային բանկի ամերիկյան ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ նրանց ծրագիրը սխալ են ներկայացրել և ճիշտ չեն ասել, թե գառնեցիները կողմ են Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրին, ինչը վկայում է ծրագիրը չեղարկելու համար ՀՀ նախագահին ուղղված 2300 ստորագրությամբ դիմումը: