Քամուց քշվածները. Հայաստանում հաշվում են տարերքի հասցրած վնասի չափերը

Մինչ Հայաստանում հաշվում են երեկվա ուժգին քամու հասցրած վնասները, արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայությունից վստահեցնում են` նման քամի մոտակա օրերին չի սպասվում:

Մայիսի 23-ին հանրապետության տարածքում գրանցված քամին զարմացրեց ու վախեցրեց մինչ այդ թեթև ամպրոպային և զով եղանակներին սովոր քաղաքացիներին:

distructions heavy windՉնայած տարվա այս եղանակին սեզոնային քամիները բնական են, երեկվա քամին վերջին տարիներին գրանցված ամենահուժկուն էր: Հատկանշական է, որ համացանցի օգտատերերի հրապարակած լուսանկարներում քամին նույնիսկ տոռնադո է հիշեցնում:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ` քամին հասնելով մինչև 24-28 մ/վրկ արագության, ավերածություններ է գործել մայրաքաղաքում և մի շարք մարզերում:

Ընդհանուր առմամբ, հանրապետությունում գրանցվել է 446 դեպք, որից 379-ը՝ Երևան քաղաքում, 67-ը՝ մարզերում:

4969Քամու ավերածություններից պոկվել են շենքերի տանիքներ, տապալվել  են ծառեր, լուսակիրներ, էլեկտրահաղորդալարեր:

Ուժեղ քամուց տուժել է նաև կամերային երաժշտության տան տանիքը: Այն քշվել և ընկել է մոտակա այգին:

Մարդկային վնասներից նույնպես չի հաջողվել խուսափել, մասնավորապես, «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը տեղեկացրել է քամու հետևանքով վնասվածքներ ստացած 9 քաղաքացու մասին, որոնցից 2-ը տեղում օգնություն են ստացել, իսկ 7-ը տեղափոխվել են հիվանդանոց:

«Վնասվածքները ծանր չեն եղել, հիմնականում եղել են քերծվածքներ, վերքերը մշակելու խնդիր կար, բայց լուրջ վնասվածք չի եղել»,- ասել է նա, հավելելով, որ տուժածներից մեկի դեպքում տանիքից ինչ-որ բան է ընկել նրա վրա, մյուս դեպքում՝ ծառն է վնասել:

Հատկանշական է, որ համացանցի բազմաթիվ օգտատերեր հումորով են վերաբերվել բնության չար կատակին, մասնավորապես կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է ժամանակին հայտնի «Քամի, փչի՛ր» երգի հոլովակը` մակագրելով` «Շատ ակտուալ երգ այս պահին»:

Ֆեյսբուքյան օգտատեր, քաղաքացիական ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանն էլ իր էջում հումորային գրառում է կատարել. «Շտապ տապան ա պետք»:

Այնուամենայնիվ, ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են, որ նման ուժգին քամու հավանականությունը այնքան էլ մեծ չէ:

Ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ` առաջիկա օրերին անկայուն եղանակի ռեժիմը շարունակվելու է` պայմանավորված տարածաշրջանում ցիկլոնի առկայությամբ, բայց քամու կրկնության կանխատեսումները շատ կարճատև ժամանակահատվածի վերաբերյալ են: