Տանկով մարդու բողոք. ակտիվիստին սպառնում է ազատազրկում սթրիտ արտի ակցիայի համար

Photo: Via facebook

Արվեստի միջոցով բողոքն արտահայտող «Հակահարված» խմբի անդամ Արտակ Գևորգյանին սպառնում է մինչև մեկ ամսվա ազատազրկում խուլիգանության հոդվածով՝ թղթե տանկով Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) երկաթյա դարպասներին հարվածելու համար:

Դեպքը տեղի է ունեցել անցյալ տարվա ամռանը, երբ երիտասարդը ստվարաթղթից տանկ է պատրաստել և դրանով Սահմանադրական դատարանի շենքից հասել մինչև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ոստիկանության շենքեր, որից հետո որոշել է ակցիան ավարտել ԱԱԾ շենքի մոտ՝ կանաչ թղթե տանկով հարվածելով շենքի դարպասներին:

Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ «կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, ինչն արտահայտվել է ԱԱԾ շենքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների բնականոն գործունեությունը խաթարելով և նրանց մոտ գույքի պահպանության կապակցությամբ վախի զգացում առաջացնելով»:

«Եթե իմ դեմ այդ քրեական գործը հարուցվել է և դատարանում գնալու է, հերթապահության աշխատողներին քրեական պատասխանատվության ենթարկելո՞ւ են, թե՞ չէ: Մի ժամից ավելի այդ տանկը այնտեղ է եղել»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ նման կերպով նա իր բողոքն է արտահայտել երկրում տիրող անարդարությունների դեմ:

Գևորգյանի շահերը պաշտպանող փաստաբան Տիգրան Սաֆարյանը հայտարարել է, որ այս քայլով իշխանությունը ակտիվիստներին զգուշացնում է, որ այսուհետ վարչական վարույթներից բացի կարող են նաև քրեական գործեր հարուցվել:

«Մարդիկ արդեն որևէ քայլի դիմելուց առաջ կմտածեն՝ բողոքե՞ն իշխանությունների դեմ այս կամ այն ձևով, թե՞ չէ, որովհետև արդեն ոչ թե վարչական պատասխանատվության ենթարկվելու վտանգ կա, լուրջ սպառնալիք, այլ նաև քրեական պատասխանատվության»,- նշել է նա:

Նշենք, որ «Հակահարված» խումբը մի քանի տարի է` Հայաստանում զբաղվում է սթրիթ-արտով՝ քաղաքի պատերին հակաիշխանական նկարներ պատկերելով: Գևորգյանը նշել է, որ իրենց արած աշխատանքները երկար կյանք չեն ունեցել:

«Ժիրայր Սեֆիլյանի, Շանթ Հարությունյանի դիմանկարները սթրիտ-արտ արեցինք, հաջորդ օրը պատը քանդեցին»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է նա:

Արտակ Գևորգյանը մասնակցել է տարբեր ակցիաների, և նրա դեմ մի քանի վարույթ է հարուցվել, որոնցից մեկը կարճվել է, իսկ մյուսով փաստաբանը դիմել է Եվրոպական դատարան: