Բնական լուծում. Գեղարքունիքի գյուղերը կհյուրընկալեն էկոտուրիզմի փառատոնը

Էկոտուրիզմի առաջին փառատոնի շրջանակներում Գեղարքունիքի մարզի երկու համայնքներ իրական բացահայտում կարող են դառնալ զբոսաշրջության ոլորտում` լրագրողների հետ հանդիպմանն ասացին փառատոնի կազմակերպիչները:

Էկոտուրիզմը վայրի բնության հետ կապված, ինչպես նաև կրթական բաղադրիչ ունեցող տուրիզմի ենթատեսակ է, որի հիմնական նպատակը համայնքների համար այլընտրանքային եկամուտ ապահովելն է:

«Հունիսի 4-5-ը Գեղարքունիքի մարզի Գոմք և Մարտիրոս համայնքներում կանցկացվի էկոտուրիզմի փառատոն, որը նպատակ ունի բացահայտելու այդ համայնքների ողջ պոտենցիալը` հետագայում համայնքների համար այլընտրանքային եկամուտ ապահովելով»,- ասաց կազմակերպիչներից «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ Սարգիս Աղայանը:

Փառատոնի ընթացքում նախատեսվում են մի շարք միջոցառումներ, ինչպես, օրինակ` հեծանվավազքի մրցում, ձիարշավ, քայլարշավ, ժայռամագլցում, ինչպես նաև թռչնադիտարկում և գյուղատնտեսական ապրանքների ցուցահանդես-վաճառք:

Աղայանը նշեց, որ փառատոնը Գոմք և Մարտիրոսում անցկացնելու որոշումը իր պատճառներն ունի. «Համայնքները հարուստ են կենսաբազմազանությամբ, ունեն գեղեցիկ բնաշխարհ և քիչ հայտնի պատմամշակութային հարուստ ժառանգություն, բացի այդ, միջազգայնորեն ճանաչված էկոմիջանցքների մաս կազմելով, միգրացիոն տարածքներ են հանդիսանում բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի և այլ հազվագյուտ կենդանատեսակների համար»:

«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանն էլ ասաց, որ ի տարբերություն ավանդական զբոսաշրջության, էկոտուրիզմի շրջանակներում զբոսաշրջիկները, այցելելով համայնքներ և վայրի բնության մեջ իրենց հանգիստը վայելելով, որոշակի ներդրում պետք է թողնեն համայնքի բնակիչներին:

«Արշավային մշակույթով սար բարձրանալ-իջնելը էկոտուրիզմի փոքր բաղադրիչն է, երբ դրանով համայնքի սոցիալական խնդիրներին որոշակի լուծում է տրվում, բնակիչը գիտակցում է, որ իր շրջակա միջավայրով կարող է օգուտ ստանալ` դրա պահպանությունը դարձնելով գերխնդիր»,- նշեց նա:

Կազմակերպիչները նաև նշեցին, որ չնայած իրենք շեշտադրումը կատարել են ներգնա զբոսաշրջության վրա, տուրիստական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում հնարավոր են նաև հյուրեր արտերկրից.

«Մենք որևէ խնդիր չենք տեսնում օտարերկրացի զբոսաշրջիկներ ունենալու հարցում, քանի որ մեր գիդ ուղեկցորդները պատրաստված են և օտար լեզվի բարդություններ չեն առաջանա»:

Փառատոնը պատրաստ է հյուրընկալելու 500-2000 զբոսաշրջիկների, որոնցից 400-ը արդեն նախապես հաստատել են իրենց մասնակցությունը: