Մոնումենտալ խնդիր. Երևանում նոր արձանները հանրային բանավեճի առիթ են դարձել

Photo: Photolure

Անցյալ շաբաթ Երևանում բացված երկու հայ նշանավոր գործիչների արձանները բուռն հանրային քննարկումների առարկա են դարձել ինչպես դրանց գեղագիտական արժանիքների, այնպես էլ այլ  հանգամանքների տեսանկյունից:

Photo: Photolure
Photo: Photolure

Նախ` մայիսի 23-ին Երևանի Ավան վարչական շրջանում հանդիսավորությամբ բացվել էր Խորհրդային Միության մարշալ Համազասպ Բաբաջանյանի (1906-1977) արձանը, իսկ հետո` մայիսի 28-ին, Հայաստանի առաջին հանրապետության օրը, քաղաքի կենտրոնական Հանրապետության հրապարակին հարակից տարածքում` զորահրամանատար և մեծ մտածող Գարեգին Նժդեհի (1886-1955) արձանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը և երկրի ռազմաքաղաքական ղեկավարության մյուս անդամները ներկա են եղել երկու արձանների բացման արարողություններին:

Մինչդեռ շաբաթվա ընթացքում սոցիալական ցանցերը լի էին երկու արձանների վերաբերյալ մեկնաբանություններով և կարծիքներով: Բաբաջանյանի արձանի քանդակագործը, մասնավորապես, քննադատության թիրախում էր հայտնվել գործչին նստած դիրքում քանդակելու համար, որը, քննադատների պնդմամբ, ավելի շատ բնորոշ է «գողական գերեզմանային մշակույթին»: Բացի այդ, վիճարկվում էր Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի արձանը տեղադրելու որոշումը: Բանն  այն է, որ բացի Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստական Գերմանիայի դեմ գործողություններին մասնակցելուց, Բաբաջանյանը 1956 թ., երբ խորհրդային զորքերը ներխուժեցին Բուդապեշտ և արյան մեջ ճնշեցին հունգարական հեղափոխությունը, ղեկավարում էր զրահատանկային 8-րդ դիվիզիան:

Նժդեհի արձանի քննադատները նախևառաջ նշում էին 20-րդ դարասկզբի հայ ազգային-ազատագրական շարժման առաջնորդի հետ նմանության բացակայությունը: Նրանք պնդում են, որ արձանը աստղային պատերազմների մտացածին հերոս Դարտ Վեյդերի մարմնի և ռուսական կայսր Պետրոս Մեծի գլխի համադրությունն է: Բացի այդ, ոմանք տարօրինակ են համարում, որ Նժդեհի արձանը տեղադրվել է ոչ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում իր անունով կոչվող հրապարակում, որը խորհրդային տարիներին կոչվում էր ականավոր հայ բոլշևիկ Սուրեն Սպանդարյանի անունով, որի արձանն էլ մինչ օրս կանգնեցված է այստեղ:

Photo: Photolure
Photo: Photolure

Անցյալ շաբաթ լրագրողների հետ իր զրույցներում Երևանի փոխքաղաքապետ Կարո Արեյանը մերժել է քննադատությունը: Վկայակոչելով 5-րդ դարի հայոց սպարապետ, Հայ Եկեղեցու սրբադասված հերոս Վարդան Մամիկոնյանի և հայկական ազգային էպոսի հերոս Սասունցի Դավթի ձիով արձանները` նա ասել է, որ նոր հուշարձանները շատ հաճախ արժանանում են Երևանի բնակիչների քննադատությանը: Բայց հետո, ասել է նա, մարդիկ ընտելանում են այդ հուշարձաններին, որոնք դառնում են քաղաքի անբաժանելի մասը:

Արեյանը նաև հիշեցրել է լրագրողներին 2003 թ. խորհրդահայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի արձանի տեղադրման ժամանակ քանդակագործի և իշխանությունների հասցեին կոշտ քննադատությունը, որը սկզբում բնութագրում էին որպես գրոտեսկային:

«Բայց հիմա դուք կարող եք տեսնել, թե ինչպես են երեխաները ամեն օր խաղում այս արձանի մոտ, ինչպես են մարդիկ նկարվում այդ արձանի ֆոնին: Եվ արձաններն ապահովում են քաղաքի միջավայրի կենդանի էֆեկտը, մարդիկ հաղորդակից են լինում արձանի հետ»,- ասել է Երևանի պաշտոնյան:

Արեյանը նաև չի ընդունել քննադատությունը նստած դիրքով մարշալ Բաբաջանյանի արձանի մասին, ասելով, որ արվեստը չպետք է շփոթել «գերեզմանոցային արհեստի հետ»: Ինչ վերաբերում է Նժդեհի արձանին, նա ասել է, որ քանդակագործն այդպես է տեսել և հարմար գտել այն:

«Ինձ դուր էր գալիս, հատկապես, Նժդեհի շլեմով արձանը, շատ եմ սիրում այդ նկարը, բայց գուցե դա քանդակ չդառնար, ես արվեստագետ չեմ, չգիտեմ, չեմ կարող ասել»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է Նժդեհի արձանը տեղադրելու վայրին, Արեյանը նշել է, որ Նժդեհի հրապարակը անհաջող է արձանի համար, քանի որ նույնիսկ ներկայումս այնտեղ կանգնեցված Սուրեն Սպանդարյանի արձանը անհաղորդակից է մարդկանց համար:

«Այս պահին Նժդեհի արձանի վայրը, կարծում եմ, ընտրված է շատ ճիշտ»,- պարզաբանել է նա: