Փորձագետ. Հայաստանը ներքին պահանջարկի բավարարման համար Թուրքիայից գյուղմթերքների ներմուծման կարիք ունի

Photo: Nazik Armenakyan/Armenianow.com

Թուրքիայից ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների արգելքի դեպքում Հայաստանի շուկան դժվար թե կարողանա բավարարել ներքին պահանջարկը` լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

Ապրիլյան պատերազմից հետո պաշտոնական Երևանը դեռ քննարկում է Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի կողմից Հայաստան ներմուծվող ապրանքների ներկրման արգելքի հնարավորությունը: Խոսքը հատկապես այն ապրանքների մասին է, որոնք, ըստ էկոնոմիկայի նախարարության, սպառնում են հայկական տնտեսությանը որակի և մրցունակության առումով:

«Չեմ կարծում, որ թուրքական գյուղատնտեսական ապրանքների ներկրման արգելքը ճիշտ կլինի մեզ համար, մանավանդ այն դեպքում, երբ այդ երկրի հետ պատերազմական դրության մեջ չենք գտնվում: Ժամանակի ընթացքում կհասկանանք, որ չպետք է մեկուսացված լինենք աշխարհից, իսկ ազատ շուկայական հարաբերությունները տնտեսության մեջ ամենակարևորն են»,- ասաց Բերբերյանը:

Բանախոսի համոզմամբ` թուրքական ապրանքների մուտքը հայաստանյան շուկա պայմանավորված է դրանց ցածր ինքնարժեքով.

Photos: Photolure
Photos: Photolure

«Ի տարբերություն մեր արտադրանքի, թուրքական լոլիկն ու վարունգը աճեցվում են պոլիէթիլենի տակ` առանց ջեռուցման, ինչը զգալիորեն նվազեցնում է դրանց ինքնարժեքը, մինչդեռ ջեռուցումը արտադրանքի ինքնաժեքի մեծ մասն է կազմում»,- ասաց Բերբերյանը:

Նա հավելեց, որ խնդիրը փորձում են լուծել ջերմոցային տարածքների ընդլայնմամբ, ժամանակակից ջերմոցների ներդրմամբ, որոնց մեկ քառակուսի մետրից 2-3 անգամ ավելի բերք է ստացվում, քանի սովետական հին ջերմոցներից:

Ագրարագյուղացիական միավորման նախագահը նշեց մեկ այլ խնդրի մասին, որով էլ պայմանավորված է Հայաստանում թուրքական գյուղատնտեսական ապրանքների առատությունը.

«Անցյալ տարի մենք Շիրակի մարզում 65 օր երաշտ ունեցանք, երկու օր շարունակ ջերմաստիճանը 40 աստիճանից չէր իջնում, ինչի պատճառով Շիրակում կարտոֆիլի բերքի մեծ մասը կորցրինք»,- ասաց նա:

Բերբերյանը սակայն պնդեց, որ Արարատյան դաշտում վաղահաս կարտոֆիլի հայտնվելուն պես թուրքական և պարսկական վաղահաս կարտոֆիլը հայկական շուկայից դուրս կմղվի: