Ի նշան երախտագիտության. քանդակագործը հատուկ քանդակ է պատրաստել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցի կապակցությամբ

Photo: www. wikipedia.org

Նշանավոր քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը ստեղծել է մոնումենտալ կոթող՝ «Մեկ րոպե լռություն», որը նվիրված է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ ի նշան հայ ժողովրդի երախտագիտության:

Նշենք, որ Հռոմի Պապի այցելությունը Հայաստան նախատեսված է հունիսի 24-26-ը, որի ընթացքում նա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, կայցելի Հայաստանի հյուսիսարևմտյան Շիրակի մարզի Գյումրի քաղաք, որտեղ ապրում է երկրի ամենախոշոր կաթողիկե համայնքը:

«Նա ապտակեց քաղաքակրթության տգետ թշնամուն, ասելով, որ ժողովուրդ ցեղասպանել չի կարելի: Երբ Պապը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, մտածեցի նրան նվիրված ինչ-որ աշխատանք նախաձեռնեմ: Արդեն երկու ամիս է` մի աշխատանքի վրա եմ տքնում, որը նվիրում եմ Հռոմի Պապի այցին: Կենտրոնում կենաց ծառն է, որի շուրջը հավաքված են Հռոմի Պապը և շատ այլ հոգևոր առաջնորդներ՝ մեկ րոպե լռությամբ հարգելու բոլոր ցեղասպանվածների հիշատակը»,- երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց քանդակագործը:

Նրա խոսքով` եթե Պապը ցանկանա, կարող է քանդակը իր հետ տանել, նույնիսկ եթե չտանի՝ կիմանա, որ հայ ժողովուրդը դարերից եկած երախտապարտ ժողովուրդ է:

«Քանդակս բրոնզաձույլ է, որոշ խաչեր ոսկեջուր են: Այն 4 մետր լայնություն, 1 մետր բարձրություն ունի, բաղկացած է 220 ֆիգուրնից»,- նշեց նա, հավելելով, որ քանդակը կառուցել է իր միջոցներով:

Քանդակագործը կցանկանար, որ Պապը իր այցելության ժամանակ լիներ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Հռոմի Պապի այցելության կապակցությամբ նաև կլինեն հատուկ տարբերանշաններ «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսով: Տարբերանշանի գույներն են մանուշակագույնը և դեղինը, որոնք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթողիկե Եկեղեցու պաշտոնական գույներն են: Տարբերանշանում նաև ներառված են երկու եկեղեցիների զինանշանները:

Գյումրու Վարդանանց հրապարակում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մատուցելիք պատարագին սպասվում է 20-25 հազար հավատացյալների ներկայություն, իսկ պատարագին մասնակցելու համար Հայաստան կժամանի նաև ավելի քան 3000 ուխտավոր: