Ծխախոտի դեմ պայքարի օր. Հայաստանում ծխողների թվի կտրուկ փոփոխություն չկա

Photo: Nazik Armenakyan/Armenianow.com

Ծխախոտի հակագովազդային փաթեթավորման գաղափարը ծխելու դեմ պայքարին ուղղված ամենաարդյունավետ միջոցներից է ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում` մայիսի 31-ին` ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:

«Այս տարվա Առողջապահության համաշխարհային կազմակերպության որդեգրած քաղաքականությամբ առաջարկվում է ծխախոտի փաթեթավորման մեջ բացառել գովազդային տարրերի, բրենդի պիտակի առկայությունը: Միայն առողջապահության նախարարության նախազգուշացմամբ ծխախոտի տուփերը շատ արդյունավետ հակագովազդ կարող են լինել»,- ասաց նա:

Բազարչյանը հավելեց, որ շատ երկրներում ծխախոտը նույնիսկ վաճառասեղաններին չի հայտնվում, ինչը կարելի է կիրառել նաև հայաստանյան պրակտիկայում:

«Այս առումով օրենսդրական դաշտը փոփոխությունների կարիք ունի, մասնավորապես, իրազեկման, գովազդի արգելքի, հասարակական վայրերում ծխախոտի սահմանափակման, հարկային քաղաքականության ոլորտներում բացերը շատ են»,- նշեց նա, հավելելով սակայն, որ հետազոտությունների արդյունքները պարզել են՝ մարդիկ երկրորդական ծխի ազդեցության են ենթարկվում ոչ այնքան հասարակական վայրերում, որքան տանը:

Մասնագետի հաղորդմամբ` ծխող կանանց և տղամարդկանց թվի վերաբերյալ վիճակագրության մեջ կտրուկ փոփոխություններ չեն նկատվել. «Տասնվեց տարեկանից բարձր տղամարդկանց 56 տոկոսը ծխում է: Ի տարբերություն նախորդ տարիների, 40-50 տարեկան տղամարդկանց մոտ ծխախոտից հրաժարվելու դրական միտում է նկատվում, ինչը հավանաբար կապված է այդ տարիքային խմբերում առողջական խնդիրների առաջացման հետ»:

Անդրադառնալով ծխող կանանց ցուցանիշին` Բազարչյանը փաստեց, որ կանանց թիվն այնքան էլ մեծ չէ` ընդհանուր ծխողների 7-8 տոկոսը մայրաքաղաքում և 3 տոկոսը` մարզերում, իսկ դեռահասների շրջանում իրավիճակը հարաբերականորեն ավելի լավ է, քան հարևան երկրներում: