«Թրանսփարենսի ինթերնեշնլ». օրենքների միայն թղթի վրա են, չեն օգնում կոռուպցիայի դեմ պայքարին

Photo: Photolure

Միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի կարծիքով՝ Հայաստանում տարիներ ի վեր կոռուպցիայի ոլորտում առկա է լճացում, իսկ ընդունված հակակոռուպցիոն օրենքները կյանքի չեն կոչվում:

Ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանի՝ բացի մի շարք հակակոռուպցիոն օրենքներ ընդունելուց (որոնցից են «Հանրային ծառայության մասին» օրենքը, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքը) և մի շարք օրենքներում կատարած փոփոխություններից, պետք է լուծել մի կարևոր խնդիր:

«Երբ օրենքները մնում են թղթի վրա, բացի ֆիքսելուց պետք է լինի նաև որոշակի պատասխանատվություն այն պաշտոնատար անձանց վրա, որոնց «ջանքերով» այդ օրենքները, որոշումները չեն գործում»,- երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Հոկտանյանը անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հայտարարությանը` շաքարավազի ոլորտի մենաշնորհային կարգավիճակը օրենքով շնորհելու հնարավորության մասին և վարչապետ Հովիկ Աբրահամյանի` ծախսերի օպտիմալացման գնալու հանձնարարականին` նկատեց, որ կոռուպցիան Հայաստանում «նախապատմական ժամանակներից» է գալիս, և ընդամենը երեք շաբաթում կոռուպցիայի իրավիճակը փոխելն անհնար է:

«Երեք շաբաթում կոռուպցիան «սատկացնելու» հույսերն անիմաստ են, քանի որ կարևոր է, թե որքանով լուրջ կլինի: Մինասյանի ասածն ինձ օպտիմիզմ չի ներշնչում, քանի որ մի ոլորտին մենաշնորհ տալով, այլ ոլորտների մենաշնորհացման համար սողանցք ես բացում, և վաղը կամ մյուս օրն այլ ոլորտների մենաշնորհացում կհռչակվի:

Մոնոպոլացնելով մոնոպոլիայի դեմ պայքարելը բավականին կասկածելի է թվում: Ասում են, որ այդ ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարող է գները կարգավորել, սակայն այդ պարագայում էլ կարող է ապրանքի դեֆիցիտ առաջանալ»,- նկատեց նա:

Նրա խոսքով՝ քաղաքական կամքը Հայաստանում բավարարում է միայն հայտարարություններ անելու համար, իսկ օպտիմալացումը դեռևս գաղափար չէ: