Փաստաբան. Հայաստանում երեխաների դեմ բռնության դեպքեր քիչ են արձանագրվում

Հայերը երեխաներին պաշտում են, և բռնության դեպքեր շատ քիչ են արձանագրվում՝ երեխաների պաշտպանության միջազգային օրն ասաց փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանը, հավելելով, սակայն, որ բացթողումներ կան դատավարական նորմերում:

Նշենք, որ երեխաների պաշտպանության օրը սահմանվել է 1925-ին Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:

«Ընտանեկան հարաբերությունների ոլորտը շատ նուրբ է, հետևաբար, օրենքի բացերի և պրակտիկ կիրառության մեջ դրած խնդիրների խոսելու ընթացքում պետք է կտրուկ շեշտադրումներ չանել և պահանջներ չներկայացնել, որովհետև որքան էլ օրենսդրական կարգավորումներ լինեն, այդուհանդերձ, մեծ բաժինն ընկնում է ընտանիքի անդամների բարոյական փոխհարաբերություններին»,- չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ֆարմանյանը:

Ըստ նրա՝ ընտանեկան օրենսդրությունը և երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող օրենսդրական կարգավորումները բավարար են, թեև պրակտիկ կիրառության մեջ հանդիպում են խնդիրներ:

«Օրինակ` քաղաքացիական դատավարության մեջ բացթողումներն անմիջական ազդեցություն են թողնում հենց ընտանեկան իրավահարաբերությունների վրա: Դատավարական նորմերը հստակ չեն, որի պատճառով նյութական իրավունքի վերջնական արդյունքի հետ խնդիր ունենք»,- նշեց նա:

Նա առանձնացրեց ալիմենտի, տեսակցությունների և երեխայի խնամքի, դաստիարակությանը վերաբերող հայցապահանջները, նշելով, որ դատարանները ծանրաբեռնված են, և այստեղ երեխայի ապրուստի միջոցը և կենսամակարդակը հարցականի տակ են դրվում:

«Այնուամենայնիվ մենք մենթալիտետով տարբերվում ենք, որ երեխաներին աստվածացնում ենք, հետևաբար ներընտանեկան հարաբերությունների մեջ բռնությունները բարեբախտաբար շատ չեն»,- եզրափակեց նա: