Պաշտոնական. քաղաքացիական ծառայության մասին նոր օրենքը ավելի արդյունավետ կդարձնի պետական աշխատանքը

Photo: Photolure

Այս տարի «Քաղաքացիական ծառայության մասին» նոր օրենք պիտի ընդունվի, որը հնարավորություն կտա ավելի արդյունավետ դարձնելու քաղծառայողների աշխատանքն ու շատ կարևոր խնդիրներ լուծելու, ինչը մինչ այժմ չի հաջողվել աշխատատարության պատճառով` չորեքշաբթի` հունիսի 1-ին, հայտարարել է Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:

«Մեր երկրում քաղաքացիական ծառայության համակարգը ստեղծման փուլից թևակոխել է զարգացման փուլ: Ձեռնամուխ ենք եղել համակարգի բարեփոխման աշխատանքներին, որը ենթադրում է եվրոպական չափանիշների համապատասխանեցում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է նա: Ըստ նախատեսվող փոփոխությունների, որոնց աջակցում է Եվրամիությունը, այլևս կարևոր է լինելու աշխատանքի կատարողականի գնահատումը:

«Յուրաքանչյուր քաղծառայող ոչ թե երեք տարին մեկ պետք է գա և իր աշխատանքի կարևորությունն ապացուցի, այլ նրա աշխատանքը պետք է գնահատվի յուրաքանչյուր օր,- հավելել է Բադալյանը: – Գաղտնիք չէ, որ մեր հասարակությունը դժգոհում է պետական ծառայողների աշխատանքներից, փողկապով մարդու նկատմամբ ձևավորված է հակակրանք: Յուրաքանչյուրի աշխատանքը գնահատելու արդյունքում մենք կապահովենք որակյալ քաղաքացիական ծառայություն»:

Նոր համակարգը հնարավորություն կտա վերանայելու պետական ծառայողի աշխատավարձը։

Հասարակության դժգոհությունը նվազեցնելու համար, ըստ Քաղծառայության խորհրդի ղեկավարի` պետք է նաև աշխատանքից ազատվեն անգրագետներին և ոչ կոմպետենտներին հովանավորող պետերը:

2008-ից, երբ Հայաստանում ամենամեծ թվով քաղաքացիական ծառայողներ կային մինչ այդ ու դրան հաջորդած ժամանակահատվածների համեմատ` 8100 մարդ, 2015-ին նրանց թիվը եղել է ավելի քան 6600:

Անցյալ տարի Քաղծառայության խորհուրդը կազմակերպել է 908 թափուր պաշտոնների մրցույթ, որոնցից 15-ի տոկոսի դեպքում, ըստ Բադալյանի, հաղթողներ չեն եղել, իսկ 15 տոկոսն ընդհանրապես չի կայացել, քանի որ հավակնորդներն ունեցել են գիտելիքներ շատ ցածր պաշար։ Խնդիրներից մեկը, օրինակ, այն է, որ որոշ պաշտոններ պահանջում են օտար լեզուների իմացություն, իսկ հավակնորդները բավարար չափով չեն տիրապետում այդ լեզվին:

«Հաճախ գործընկերներս հարց են տալիս, թե պարտադի՞ր է, որ ապագա քաղծառայողն իմանա, թե ով է «Անլռելի զանգակատուն» պոեմի հեղինակը։ Ես կարծում եմ՝ պարտադիր է։ Եթե մարդը, օրինակ, չգիտի, թե որոնք են Հայաստանին սահմանակից պետությունները, ապա ինչո՞ւ պետք է դառնա քաղծառայող»,- նշել է Բադալյանը:

«2015 թվականի հունվարի 1-ից առ այսօր աշխատանքային պայմանագիրը լուծվել է ժամանակավոր թափուր պաշտոններ զբաղեցնող շուրջ 150 աշխատակցի հետ՝ գիտելիքների բավարար պաշար չունենալու պատճառով: Հատկանշական է, որ նրանց մեջ մեծ թիվ են կազմում բաժնի պետերը»,- հավելել է Քաղծառայության խորհրդի ղեկավարը:

Անդրադառնալով Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ պետական ապարատում կրճատումների հայտարարությանը` Բադալյանը հույս է հայտնել, որ արդյունավետ աշխատողները չեն կրճատվի. «Չեմ ժխտում, որ պետական ապարատում անարդյունավետ բազմաթիվ աշխատողներ կան: Այո՛, պետական համակարգում օպտիմալացման կարիք կա, քանի որ այդ դեպքում աշխատանքն ավելի արդյունավետ կկազմակերպվի»: