Գողթը բողոքում է. մեկ այլ հայ գյուղ ոտքի է կանգնում ոռոգման ծրագրի դեմ

Photo: Photolure

Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչները արդեն մի քանի ժամ փակ են պահում իրենց գյուղ տանող ճանապարհը` այսպիսով իրենց բողոքն ու անհամաձայնությունը հայտնելով կառավարության այն ծրագրին, որի համաձայն գյուղի մոտ գտնվող Գեղարդալիճ ջրամբարի ջուրը վերանորոգումից հետո պետք է տրվի մի քանի գյուղերի:

Ըստ բողոքող գյուղացիների` լիճն անգամ ամբողջությամբ լցվելու դեպքում չի բավականացնում Գողթի հողատարածքները ոռոգելու համար:

Գողթեցիները նշում են, որ անգամ 2,4 մլն խորանարդ մետր ջուրը, որ Գեղարդալիճը ներկայումս պարունակում է ամբողջությամբ լցված լինելու պարագայում, չի բավականացնում Գողթի փաստացի օգտագործվող ավելի քան 500 հեկտար հողատարածքներին: Նրանք չեն հավատում, որ ըստ ծրագրի նախատեսված 1 մլն խմ ջուր ավելացնելու դեպքում հնարավոր կլինի մի քանի գյուղերի էլ ոռոգման ջուր տրամադրել:

Գյուղացիները պահանջում են դադարեցնել շինարարական աշխատանքները, ու կառավարության ծրագրով նախատեսված գյուղերին ջուր հասցնել կառուցվելիք երկրորդ ջրամբարի միջոցով:

Ըստ նախագծի գլխավոր ինժեներ Վաչիկ Սահակյանի, սակայն վերակառուցման ներկայիս աշխատանքները գողթեցիների շահերից են բխում. «Մենք Հայաստանում գործող օրենքներով հաշվարկել ենք, որ Գողթի հեկտարներին համապատասխան ջուրը բավարարում է»:

«Ջրամբարը վթարային է ու այն բարձրացնելու են, որպեսզի կորուստներ այլևս չլինեն: 1440 հեկտար հողերի համար է վերականգնվում, ջրամբարի տարողունակությունը դառնալու է 4,43 մլն խորանարդ մետր»,- ասում է Սահակյանը:

Անցյալ ամիս Կոտայքի մարզի մեկ այլ գյուղի`Գառնիի բնակիչները կարողացել էին հաջողության հասել, քանի որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չեղարկել էր Ազատ գետի ջրերի մի մասը Արարատի մարզի 12 գյուղերի համար օգտագործելու վիճահարույց ոռոգման ծրագիրը:

Գառնիի հարյուրավոր գյուղացիներ հաջողության էին հասել շաբաթներ շարունակվող բողոքի ակցիաներից հետո, որոնց ընթացքում մի քանի անգամ փակել էին Հայաստանի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկը` 1-ին դարում կառուցված հեթանոսական Գառնու տաճար տանող ճանապարհը:

Գողթեցիները փակել են Գեղարդ վանական համալիր տանող ճանապարհը, որը նույնպես սիրված զբոսաշրջային ուղղություն է: