Անգլերենին տիրապետելու համար. ՀԲԸՄ-ն ընդլայնում է Հայաստանի համար կրթական նորարարական հարթակը

Աշխարհի ամենախոշոր հայկական շահույթ չհետապնդող կազմակերպությունը ընդլայնում է կրթության նորարարական հարթակը Հայաստանում` ներառելով մի ծրագիր, որի նպատակն է բարձրացնել անգլերենի իմացության մակարդակը երկրում:

Ըստ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ)` 2015 թ. սեպտեմբերին ավստրալաբնակ հայազգի քույր և եղբայր Մելինե և Ռեյ Նազլումյանների նախաձեռնած ծրագիրը կամրջում է սփյուռքում բնակվող անգլիախոսներին և Հայաստանում անգլերեն սովորող ուսանողներին` օգնելու վերջիններիս բարելավելու անգլերենի իմացությունը:

«Տեսնելով, որ առաջին տարում իրենց ծրագիրը երկրաչափական պրոգրեսիայով աճել է, Նազլումյանը որպես գործընկեր ընտրեց ՀԲԸՄ-ին` օգնելու ավելի աճելու և զարգանալու ԱՆԻ-ին»,- նշված է ՀԲԸՄ-ի հաղորդագրության մեջ:

Համաձայն ՀԲԸՄ հաղորդագրության` այդ գործընկերությունը ամենավերջին նախաձեռնությունն է` հասնելու Հայաստանի ուսանողներին ամբողջ աշխարհի անգլիախոս հանրության հետ կապող ծրագրի նպատակին: ԱՆԻ-ն կապում է դասուսույցներին և ուսանողներին շաբաթական մեկ անգամ` 30-45 րոպե անվճար, դեմ առ դեմ տեսազանգի` Skype-ի միջոցով, որի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան կիրառելու և բարելավելու իրենց անգլերենի իմացությունը` իրենց ուսումնական հաստատություններից դուրս: Ուսումնական ծրագիրը բաժանվել է 12-շաբաթյա բլոկների, և ուսանողներն ու դասուսույցները կարող են միասին իրենց աշխատանքը շարունակել այնքան, որքան կամենան:

«Մենք զարմացել էինք այն փաստից, որ Հայաստանում հայերի ընդամենը 4 տոկոսը կարող է վարժ անգլերեն խոսել: Գիտակցելով, թե որքան կարևոր է գլոբալացված աշխարհում անգլերեն խոսելը, մենք շահագրգռված էինք նորագույն տեխնոլոգիաների ներգրավմամբ սփյուռքի ավելի քան 9 միլիոն հայերին համախմբելու, որպեսզի բարելավեն անգլերենի իմացությունը Հայաստանում: Մեր տեսլականն այն է, որ մինչև 2020 թ. հայ ուսանողները 100 տոկոսով կարողանան վարժ անգլերեն խոսել»,- ասել է Ռեյ Նազլումյանը:

2016 թ. ապրիլի դրությամբ` ծրագիրը ներառում է 60 ուսանող ամբողջ Հայաստանից և 60 դասուսույց Ավստրալիայից, Կանադայից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից և ԱՄՆ-ից: ԱՆԻ-ն նաև սերտ կապեր ունի ՀԲԸՄ-ի Նյու Յորքի ամառային ստաժորական ծրագրի (NYSIP) հետ` համահիմնադիր Մելինեի և NYSIP-ի շրջանավարտ հանդիսացող ներկայիս դասուսույցների հետ: Այժմ ՀԲԸՄ-ի աջակցությամբ ծրագիրը գտնվում է դասուսույցների և ուսանողների թվաքանակի ավելացման գործընթացում: ՀԲԸՄ-ի Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) Հայաստանում արդեն ձեռնամուխ է եղել աշխատանքներին` խրախուսելով ավելի շատ ուսանողների մասնակցելու ծրագրին: Որպես դասուսույց կամ աշակերտ կարելի է գրանցվել` այցելելով www.myani.org. կայք: