Կրթության նախարարը կոչ է անում շարունակել և ընդլայնել դպրոցական սննդի ծրագիրը Հայաստանում

Photo: Ministry of Education and Science of Armenia

Տաք սնունդ՝ տարատեսակ ապուրներ, շիլաներ, մակարոնեղեն, փլավներ, ինչպես նաև աղցաններ, պանիր և այլ վիտամինիներով հարուստ սնունդ են արդեն մի քանի տարի ամեն օր ստանում Հայաստանի բոլոր մարզերի 1-4-րդ դասարանների շուրջ 90 հազար աշակերտներ, ինչը կարևորվում է ոչ միայն ծրագիրն իրականացնող Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի կողմից, այլև սնունդ ստացող դպրոցականների, նրանց ծնողների և ուսուցիչների կողմից:

Արտակարգ իրավիճակներում մարդկային կյանքեր փրկելու, սովի դեմ պայքարի համար կարողություններ ստեղծելու նպատակով դեռևս անցյալ դարի կեսերից գործող ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է 2010-ին: Ծրագրի արդյունքում նախատեսվում է բարելավել դպրոցականների սնուցումն ու առողջությունը, ինչպես նաև բարձրացնել ուսուցման կարողությունները: Ծրագրի դոնոր է հանդիսանում Ռուսաստանի Դաշնությունը:

Դպրոցական սննդի ծրագիրը Հայաստանի երեք մարզում՝ Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի, իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, իսկ մյուս մարզերում՝ Պարենի համաշխարհային ծրագրի օժանդակությամբ:

Երեքշաբթի ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի ղեկավար Պասկալ Միշոն այցելել են Արարատի մարզի դպրոցներ՝ ծանոթանալու «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքին:

«Մեր երկրի սոցիալական վիճակի պայմաններում սա կարևոր խնդիր է, առավել ևս, որ հասարակությունը հիմնականում գոհ է ծրագրից:

Photo: Ministery of Education and Science of Armenia
Photo: Ministery of Education and Science of Armenia

Բացի սննդից, ծրագիրն ունի նաև դաստիարակչական նշանակություն. ծրագիրը երեխաների մոտ ձևավորում է կարգապահություն, հացն ընկերոջ հետ կիսելու մշակույթ: Ես ուշադրություն դարձրեցի, որ բոլոր երեխաներն իրենց ափսեները հավաքում են, այսինքն` սա նաև դաստիարակություն է: Ծրագիրը պետք է շարունակվի, և պետք է կարողանանք չորրորդ դասարանից էլ վեր բարձրանանք»,- ասել է Մկրտչյանը՝ նշելով, որ կառավարության ֆինանսավորմամբ ծրագիրն իրականացվող երեք մարզերին փորձելու են տարեցտարի ավելացնել այլ մարզեր, մասնավորապես, արդեն այս տարի նախատեսում են ներգրավել Տավուշի, Շիրակի և Արագածոտնի մարզերը:

Ծրագրի իրականացման համատ կարևոր նախապայման է համարվում դպրոցներում խոհանոցի առկայությունը և սանիտարական նորմերի պահպանումը, իսկ դպրոցական սննդի կազմակերպումն ամբողջությամբ գտնվում է մարզպետարանների վերահսկողության ներքո:
Պետական ֆինանսավորմամբ յուրաքանչյուր երեխայի համար պետական բյուջեից 1 օրվա համար հատկացվում է 140 դրամ (մոտ 67 սենթ) գումար, որից 120 դրամը (մոտ 57 սենթ) նախատեսված է սննդի, մնացածը՝ կազմակերպչական աշխատանքի համար:

Պետության կողմից խոհարարի հաստիք նախատեսված չէ, և այդ հարցը շատ տեղերում ծնողական համայնքի աջակցությամբ է լուծվում: Սակայն նախարարը լիահույս է, որ դպրոցների հաստիքացուցակում որոշակի տեղաշարժեր կատարելու դեպքում հնարավոր կլինի այդ հարցին լուծում տալ:

Սակայն այս ծրագիրը ևս միանշանակ չի ընդունվում: Երկու դպրոցահասակ երեխաների մայր, Սևան քաղաքի բնակիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, «ԱրմենիաՆաուի» հետ զրույցում նշեց, որ ցանկալի կլիներ, եթե ծրագիրը ըստ ցանկության լիներ:

«Իմ մի երեխան առողջական խնդիրներ ունի և խիստ դիետա է նշանակված, ամեն բան չի կարող ուտել, մի քանի անգամ տեղյակ եմ պահել ուսուցչուհուն, որ իրեն հացի ժամին ճաշարան չտանեն, բայց ամեն ամիս խնդիր է լինում: Պարտադիր պետք է բժշկից տեղեկանք տանեմ, նոր հանգիստ թողնեն, բայց ինչի՞: Հասկանում եմ, որ շատ ընտանիքների համար, որոնք օրվա հացը հազիվ են ստեղծում, շատ կարևոր է այս ծրագիրը, բայց ես չեմ ուզում, որ իմ երեխան գնա, թող ծնողի որոշմանը թողնեն»,- ասում է կինը: