Վերջին զանգ. աշակերտները և ծնողները բողոքում են «ավարտական» բարձր ծախսերից

Photo: Nazik Armenakyan/Armenianow.com

Ի հեճուկս դպրոցներում դրամահավաքության դեմ գերատեսչությունների հայտարարած պայքարին` դեռևս շարունակվող այդ երևույթը գլուխ է բարձրացնում հատկապես տարեվերջին և հատկապես վերջին զանգին պատրաստվելիս։

Ուրբաթ՝ մայիսի 27-ին, Հայաստանի շուրջ 24.500 աշակերտների համար կհնչի վերջին զանգը՝ ազդարարելով նոր կյանքի սկիզբը։ Վերջին զանգ, դպրոցական վերջին ծախսեր, որոնք սովորաբար ներառում են նվերներ դպրոցի տնօրենին և ուսուցիչներին, քննությունների ժամանակ տոնական սեղաններ քննող ուսուցիչների համար, վերջին զանգի և ավարտական երեկոյի միջոցառումների ծախսեր։ Այս միջոցառումներին պատրաստվելու համար դպրոցներում առնվազն 40.000 դրամ է (մոտ 85 դոլար) հավաքվում։

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ամիսներ առաջ նախարար նշանակվելուց հետո շրջաբերական էր ուղարկել դպրոցի տնօրեններին և կոչ արել ծնողներին` համեստ նշել այդ օրը՝ «հաշվի առնելով մեր երկրում ստեղծված իրավիճակը»։

Թեև դպրոցի տնօրեններն էլ տարբեր առիթներով նշել են, որ նախարարի ուղերձը «իրենց սրտով է», այնուամենայնիվ, դրամահավաքությունը կարծես թե չի փորձում նահանջել։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն օրերս նամակ էր ուղարկել ԿԳ նախարարին, որում փաստերով խոսվում է Երևանի դպրոցներում իրականացվող դրամահավաքության մասին, շեշտվում է անգամ հավաքվող գումարի չափը, նպատակը:

«Ահազանգեր ենք ստացել Երևանի 14-րդ, 51-րդ, 82-րդ և 174-րդ հիմնական ու 29-րդ ավագ դպրոցների ծնողներից, բայց՝ բոլորն անանուն: Ծնողները պնդում էին, որ զուտ ավարտական դասարան լինելու փաստով որոշակի գումար ամեն ավարտական դասարանից, այն է՝ 4-րդ, 9-րդ և 12-րդ, գումար է հավաքվում՝ ուղղակի տնօրենին տալու»,- ասում է հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Դիանա Տեր-Ստեփանյանը։

Այս շաբաթ նախարար Լևոն Մկրտչյանը Գյումրիում հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ աշխատում են «Թրանսփարենսիի» հետ և փորձում են ճշտել անանուն զանգերի իսկությունը։

«Ես մի քանի անգամ այս մասին հրապարակային խոսել եմ. պրոբլեմը մի քիչ դպրոցից դուրս է, ավելի հասարակության պրոբլեմն է: Դրամահավաքը կատարվում է ծնողների միջոցով, մենք դպրոցների ներսում դրամահավաքի որևէ գործընթաց չունենք, մենք պետք է դիմենք ծնողներին. եթե հավաքվում են ինչ-որ գումարներ, հաշվի առնեն, որ նույն դասարանում սովորում են և՛ բարեկեցիկ, և՛ ոչ բարեկեցիկ [ընտանիքների] երեխաներ, եթե մեկի երեխան պետք է լավ նշի, դա չպիտի լինի մյուս երեխայի հաշվին: Իսկ եթե դրամահավաք կա, որը հավաքվում է դպրոցի տնօրենի համար, մենք կպատժենք տնօրենին, բայց հիմնականում դրամահավաքը կատարվում է վերջին երեկոյի համար»,- ասել է նախարարը:

Այնուամենայնիվ, վերջին զանգը կտոնվի, ու եթե գերատեսչությունների կոչերը չկարողացան զսպել հայկական ավանդական ճոխությունը, ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողություններն ազդեցին վերջինզանգյան դասական սցենարների վրա։

«Դե, սկզբից լրիվ ուրիշ բան էինք մտածել, բայց էս պատերազմը փոխեց: Հիմա նույնիսկ մեր միջոցառմանը շատ է խոսվելու հենց զինվորներից, դե հեսա, մենք էլ ենք զինվոր դառնում։ Բացի էդ, որոշել ենք ավարտական երեկոն էլ էդքան ճոխ չանենք, չգիտեմ, կարող ա` ոչ էլ անենք, սաղիս ախպերներն էլ սահմանին են»,- ասում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Լեոյի անվան 65-րդ ավագ դպրոցի շրջանավարտներից մեկը։