Առաջնագծում. Ղարաբաղի զինվորները զգում են հասարակության ուժեղ աջակցությունը

Photo: Nazik Armenakyan/ Armenianow.com

Լեռնային Ղարաբաղի հյուսիսարևելյան սահմանային հատվածում, պաշտպանության բանակի N զորամասի վրաններից մեկում խնամքով շարված են ապրիլյան քառօրյա պատերազմից հետո թիկունքից ուղարկված քաղցրավենիքներ, հիգիենայի պարագաներ, սակայն ամենաարժեքավորը սահմանը պահող զինվորականների համար դպրոցականներից ստացված նամակներն են:

«Իմ սիրելի զինվոր, ես իմ և մեր դպրոցի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քեզ… Սպասիր, մոտ հինգ տարուց ես էլ կգամ ու կհամալրեմ ձեր շարքերը: Մենք համախմբվելով կարողացել ենք, կարողանում ենք ու կկարողանանք հաղթել թուրքին»,- զինվորներին ուղարկած իր նամակում գրել է Երևանի Ստեփան Շահումյանի անվան դպրոցի աշակերտ Հայկ Շահինյանը:
Նամակները շատ են ու տարբեր, սակայն նույնն են բարեմաղթանքներն ու ցանկությունները:

Photo: Nazik Armenakyan/Armenianow.com /Hovhannes Khnvelyan
Photo: Nazik Armenakyan/Armenianow.com /Hovhannes Khnvelyan

Զինվորականներից Հովհաննես Խնվելյանը ասում է. «Հենց զինվորները գալիս են, հարցնում են` էրեխեքի նամակներից ի՞նչ կա: Շատ հուզիչ են առաջին-երկրորդ դասարանցիների նամակները, գրում են, եթե հասնի ձեզ` զանգեք մեզ այսինչ համարով կամ ուղարկեք ձեր լուսանկարները: Զանգել եմ, ասել, որ ամեն ինչ տեղ է հասել, շնորհակալ ենք, ու հենց ամեն ինչ հանդարտվեց, կհանդիպենք, կլուսանկարվենք: Սա ուժեղ ներքին կապ է, որ ուժ է տալիս սահմանը պահող զինվորին ու սպային»:

Երկու աղջիկների հայր Խնվելյանը ասում է. բանակում այսօր զգացված են հասարակության համախմբվածության վերաբերմունքից, որը ձևավորվեց հայոց բանակի շուրջը քառօրյա պատերազմի օրերին ու շարունակվում է մինչև այսօր:

Photo: Nazik Armenakyan/Armenianow.com /Herbert Vardanyan
Photo: Nazik Armenakyan/Armenianow.com /Herbert Vardanyan

Խոսակցությունը ընդմիջում է հրամանատար Հերբերտ Վարդանյանը և ավելացնում. համախմբվածությունը ամենակարևորն է, իսկ ապրիլյան օրերը ցույց տվեցին, որ Աստված ամենակարող է ու կանգնած է իրենց թիկունքին, իրենց միակ ուժը՝ իրենց սերն է ու հավատքը, ներողամտությունը մեկը մյուսի հանդեպ, ի վերջո, Հայաստանը հաղթանակած պետություն է:

Դիմելով զինվորական համազգեստ կրողներին` հրամանատարն ասում է. «Ուզում եմ այս համազգեստը հարգվի, բայց դրանից առաջ կուզենամ, որ համազգեստ կրողները գիտակցեն, որ սա այն համազգեստն է, որ սրբություն է սահմանն ու պետությունը անառիկ պահելու համար: Նոր սերունդն ավելի ըմբոստ է, պատրաստ զարկ տալու իր կամքին ու իրավունքին: Յուրաքանչյուրիս մեկ քայլ նահանջը կլինի մեր փոքր երկրի թուլացումը, մենք տաճարն ու պատնեշն ենք մեր սահմանների»:

Photo: Nazik Armenakyan/ Mikael Zohrabyan
Photo: Nazik Armenakyan/ Mikael Zohrabyan

Զինվորականներից ամենահուզվածը հինգ երեխաների հայր Միքայել Զոհրաբյանն է, պատճառը մեկն է` որդին պատահաբար հայտնվել է նույն վայրում, որտեղ ինքն է այս պահին ծառայությունն անցկացնում:

«Պատահաբար ու բարեբախտաբար նույն տեղում ենք: Ես առաջնագծում եմ, Նարեկս մեկ կիլոմետրի վրա՝ իմ թիկունքում:

Առավելությունս էն է, որ իրենից առաջ եմ կանգնած:

Զինվորների ծնողներին ուզում եմ փոխանցել՝ հանգի՛ստ եղեք, մենք էրեխեքի կողքին ենք»,- ասում է արդեն 22 տարի հայկական բանակում ծառայող Զոհրաբյանը, ով մասնակցել է ռազմական գործողություններին Ֆիզուլիում և Զանգելանում:

ԼՂՀ սահմանամերձ բոլոր շրջաններում, առաջնագծում կամավորական խմբերն են: Հադրութի կենտրոնում հավաքված խմբերի մի մասը բարձրանում է դեպի դիրքեր, մյուս խումբը դիրքերից իջնում երկօրյա հանգստի: Հադրութի տարբեր գյուղերից են, Հայաստանի տարբեր քաղաքներից՝ Գյումրուց, Մասիսից, Արարատից, Արտաշատից, Էջմիածնից:


Photos by Nazik Armenakyan/Armenianow.com

«Մենք էնքան բան ենք տեսել, մեր մեջ վախ չկա: Աշխարհն էսօր զարմացել է հայերի համախմբվածությունից»,- ասում է կամավորներից Մուշեղ Ղարեյանը Գյումրուց:

Photo: Nazik Armenakyan/ Gharib Marutyan
Photo: Nazik Armenakyan/ Gharib Marutyan

Մասնագիտությամբ պատմաբան 65-ամյա Ղարիբ Մարությանն էլ, ով Արցախյան ազատամարտի մասնակից է, դիրքեր է բերել նաև պատերազմ տեսած իր ակորդեոնը:

«Քառօրյա պատերազմում մեր զինվորն արեց իր գործը, բայց մենք տանուլ ենք տալիս դիվանագիտության մեջ: ԼՂՀ-ն պետք է պարտադիր բանակցող կողմ լինի, պատերազմում են Ղարաբաղի, բայց հաշվի նստում Հայաստանի հետ»,- իր տեսակետն է հայտնում Մարությանը:

Թալիշում զինվորականների կողքին է Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի կամավորականների խումբը: Զինվորների ու կամավորականների կողքին են թալիշեցի տղամարդիկ:

«Սահմանամերձ գյուղերը խիստ կարևոր են ոչ միայն զինվորի թիկունքում, այլև հակառակորդի համար: Հակառակորդը տեսնում է, որ արհամարհում ենք իր լինելը, որ էս ժողովուրդն անկոտրում է, իրենց սնարյադը, իրենց կրակածը էս ժողովրդին չի կոտրելու»,- ասում է հրամանատար Վարդանյանը:

Անդրադառնալով հակառակորդի ահաբեկչական գործողություններին` նշում է. փորձում են հոգեբանական ճնշումներ իրականացնել, ինչը սակայն հակառակ ռեակցիան տվեց, ու ժողովուրդը ոտքի կանգնեց:

«Թույլ մարդու հոգեբանություն ունեն: Չեմ թերագնահատում հակառակորդին, որ օրը ես թերագնահատեմ՝ տանուլ կտամ, ես միշտ իրենց գնահատում եմ ու նոր սկսում իմ ուժերը վերակազմավորել: Բայց իրենք նույնիսկ վախենում են հայի դիակից ու էդ պատճառով ամեն ինչի ընդունակ են, որպեսզի իրենց մեջ ուժ գտնեն հաջորդ պայքարի համար, բայց իրենց պայքարը հոգնած մի բան է: Հայ զինվորն ուժեղ է իր գիտակցությամբ ու բազկի ուժով»,- ասում է Վարդանյանը:
Ափսոսանքով է խոսում կորուստների մասին:

«Ցավում ենք, բայց սա պատերազմի դաշտ է: Հասկանում եմ` ամեն մի զինվորի, ամեն մի սպայի, ամեն մի հայորդու մազը ծռվելով` մի օջախի լույս է մարում, բայց եկեք մյուս կողմից նայենք. բա որ մեր ընդհանուր ազգի լո՞ւյսը մարեց, ի՞նչ ենք անելու: Էլի՞ սփռվենք աշխարհով մեկ… Մենք ենք էս երկրի պաշտպանները, ես էս հող ու ջրի ցավը տանեմ…»- ասում է հրամանատարը: