Մարտակերտ. քաղաքը ադրբեջանցիների կրակոցների տակ պատերազմին խաղաղություն է պարտադրում

Photo: Nazik Armenakyan/ArmeniaNow.com

Արցախի հյուսիսարևելյան սահմանային Մարտակերտ քաղաքը, չնայած պարբերաբար հրետակոծմանը ու հնչող կրակոցներին, շարունակում է ապրել իր բնականոն կյանքով՝ պատերազմին պարտադրելով փխրուն խաղաղություն:

Martakert Mayor Misha Gyurjyan
Martakert Mayor Misha Gyurjyan

«Խուճապ չկա, հանգիստ ենք: Հենա մարտակերտցի 169 կամավորներ պոստերում են՝ երեխեքի կողքին, մնացածն էլ քաղաքում են՝ իրենց բան ու գործին: Քաղաքում ջուրն ունենք, լույսն ունենք, գազն ունենք, երկու դպրոցները բաց են, մի քիչ աշակերտների թիվը պակաս է, բայց ոչինչ, կգան-կլրացնեն: Մարտակերտ-Երևան, Մարտակերտ Ստեփանակերտ տրանսպորտն էլ աշխատում է»,- ասում է Մարտակերտի քաղաքապետ, Արցախյան ազատամարտի մասնակից Միշա Գյուրջյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծից քաղաքը հեռու է 3 կմ, Ստեփանակերտից` 75 կմ: Այստեղ ապրում է ավելի քան 4800 մարդ, երկու դպրոցում սովորում է շուրջ 800 աշակերտ:

Ռազմական գործողությունների ընթացքում Մարտակերտի խաղաղ բնակչությունը հայտնվել էր ադրբեջանական զինուժի նշանակետի տակ, որի հետևանքով քաղաքում երեք տասնյակի հասնող ավերված տներ կան: Այդուհանդերձ, մարտակերտցիները ապրում են` խաղաղություն թելադրելով, վերանորոգում են ավերված տները, մշակում այգիները, զբաղվում անասնապահությամբ:

Վնասված տները վերանորոգող շինարարներից Արթուր Շահբարյանը ասում է, որ արդեն 15 օր է` աշխատում են, վերանորոգում առաստաղները, պատերը, պատուհանների կոտրված ապակիները:

«Եթե այս տանը ապրողները մի քանի րոպե ուշ դուրս գային, բոլորը միասին զոհվելուն էին սնարյադի պայթյունից: Ինձ էլ հենց ասեն՝ գործիքներդ ցած դիր, ավտոմատդ վեր կալ ու գնա, կգնամ: Ես կռված եմ, մասնակցել եմ Թալիշի, Սեյսուլանի ազատագրմանը: Բայց էս տներն էլ է պետք վերանորոգել, մարդիկ տեղ ունենան մնալու»,- ասում է առաջաձորցի Շահբարյանը:

Photos by Nazik Armenakyan/Armenianow.com

Մարտակերտցի Սուրեն Այվազյանն էլ ասում է. «Հույս ունենք, որ խաղաղություն կլինի, տեղահան չենք լինի, էս մեր հողն ա, ո՞ւր գնանք: Խաղաղ բնակչի վրա ինչի՞ են կրակում, հեսա տանեմ թուրքի սնարյադի տեղը ցույց տամ»,- ասում է Հադրութում ժամկետային ծառայության մեջ գտնվող երկու որդիների հայրը:

Manya Grigoryan
Manya Grigoryan

Արդեն վերանորոգված տան իրերն է փորձում դասավորել երեք որդիների մայր Մանյա Գրիգորյանը: Պատմում է, որ ապրիլի 2-ին հիվանդանոցում հերթապահության էր, տանը եղել են ամուսինը և երեք որդիները: Երբ կրակոցները ինտենսիվ են դառնում, ամուսինը տղաների հետ տնից դուրս են գալիս, րոպեներ անց տունը հրետակոծվում է և ավերվում:

«Իրանց հետևից գրադն ընկնում է տան մեջ: Ամեն ինչ ջարդ ու փշուր էր եղել: Հիմա երկու տղաներս ժամանակավոր գտնվում են Ասկերանի շրջանի Խնածախում` իմ հայրական տանը: Ամուսինս պոստերում ա, հեսա էս մեծ տղաս էլ հունիսին կգնա բանակ: Չէի պատկերացնում, որ նմա բան կլինի: Մենք ուրիշ տեղ չունենք գնալու, էս ա մեր տուն ու տեղը, 20 տարի ապրում եմ Մարտակերտում, էլ ո՞ւր գնամ, ոնց կարամ թողել ու գնալ»,- ասում է Գրիգորյանը` արցունքները սրբելով:

Սահմանային Մարտակերտում մարդիկ ապրում են պատերազմին դեմ հանդիման, այստեղից է սկսվում և ավարտվում հայրենիքը, այստեղից են ծնվում հերոսները, անմահանում՝գիտակցված:

Արցախյան ազատամարտի տարիներին 1992-ի հուլիսի 4-ին ԽՍՀՄ 4-րդ բանակի աջակցությամբ հակառակորդը գրավում է Մարտակերտը և գրեթե մեկ տարի քաղաքի վերահսկողությունը պահում իր ձեռքում: Միայն 1993-ի հունիսի 28-ին հայկական ուժերը վերջնականորեն ազատագրում են Մարտակերտը:

Ruzanna Ayvazyan
Ruzanna Ayvazyan

Մարտակերտցի 48-ամյա Ռուզաննա Այվազյանը ամուսնու հետ միասին մասնակցել է պատերազմին: Հիմա դիրքերում է նրանց որդին: Պատմում է, որ հաճախ է բարձրանում դիրքեր՝ զինվորներին այցելության:

«Հեսա իմ խանութից քաղցրավենիք, սոկեր եմ տարել, սաղին բաժանել: Տղերանց ասել եմ` ձեզ ձիգ պահեք, ես ձեր ցավը տանեմ, մենք էլ ենք ծառայել, ես քե մատաղ լինեմ, ավելի ահավոր ապրումներ ենք ապրալ, հմի որ տեսնում եմ ձեզ, գիդում չեմ` սիրտս ոնց ա մղկտում: Համախմբված են, ես դրանց ցավը տանեմ: Հարկ լինի, խանութս ինձ հարկավոր չէ, կփակեմ ու կգնամ երեխեքի կողքին»,- ասում է երկու երեխաների մայրը:

Հուզվում է, արցունքները սրբում ու շարունակում. «Ես մեր հայաստանցու ցավը տանեմ, ծնողը հեռու ա, բայց էդ խոխան մեր կողքին ա, մեր հրեխան ա, ես քյացալ եմ պոստեր ու ողջին պաչալ եմ, ասալ եմ` համարեցեք` ես ձեր մաման են, ես ձեզ մատաղ լինեմ, ձեր ցավը տանեմ, ջանիդ մատաղ»:

Քաղաքի տարբեր անկյուններում հավաքված մարտակերտցիների թեման մեկն է՝ ապրիլյան պատերազմը ու դրան հաջորդող գործընթացները:

«Մենք հիմնական կաղնու պես կանգնած ենք մեր հողում: Ստեղ ենք ծնվել ու ապրել, մեր կյանքն ստեղ է, հայրս էլ, իմ երկու եղբայրներն էլ, բոլորս էլ մասնակցել ենք պատերազմին, հիմա էլ մեր երեխեքն են մեզնից ավելի դուխով: Մենք մեր լինելիությամբ նրանց կպարտադրենք խաղաղությունը»,- ասում է երեք երեխայի հայր ու վեց թոռան պապ Յուրա Բաղրյանը: