
Մայիսի 18-ին Երևանում անցկացվեց «Հաղթահարենք քաղցկեղը ժպիտով» միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին Հայաստանից և արտերկրից ժամանած քաղցկեղի առաջատար կենտրոնների մասնագետներ:
Գիտաժողովի հիմնական նպատակը Հայաստանում քաղցկեղի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը, քաղցկեղը որպես դատավճիռ չընդունելու մտածողության ամրապնդումն է:
Գիտաժողովի մասնակիցներից Բեյլորի բժշկական համալսարանի կոլոռեկտալ քաղցկեղի վիրաբուժության ղեկավար Ավո Արթինյանի գնահատմամբ` Հայաստանում հիվանդը քաղցկեղը ընդունում է որպես կյանքի ավարտ, մինչդեռ ԱՄՆ-ում մարդկանց 80 տոկոսը գիտի, որ պետք է բուժել և հաղթահարել:
«Քաղցկեղը Հայաստանում հայտնաբերվում է վերջին փուլում, ինչն էլ հիվանդության և մահվան ցուցանիշի` միջինից բարձր լինելու հիմնական պատճառն է»,- ասաց նա:
Ի տարբերություն մեծահասակների` մանուկների մոտ քաղցկեղի հայտնաբերումը և բուժումն ավելի դյուրին են:
Երևանի պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության ամբիոնի դասախոս, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանի հաղորդմամբ` հիվանդության ապրելիությունը երեխաների մոտ 60-65 տոկոս է, ինչը նշանակում է, որ մեծ մասամբ երեխաները լիարժեք բուժվում են:
Նա նշեց, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում երեխաների մոտ տարածվածության առումով առաջին տեղում արյան քաղցկեղն է` լեյկեմիան, այնուհետև կենտրոնական նյարդային համակարգի, ոսկրային ուռուցքները:
«Որոշ տեսակի քաղցկեղների, օրինակ` Հոջկինի լիմֆոմայի դեպքում թե՛ Հայաստանում, թե՛ Գերմանիայում, թե՛ ԱՄՆ-ում բուժումը չի տարբերվում դեղերի հասանելիության տեսանկյունից , իսկ, օրինակ, 4-րդ փուլի նեյրոբլաստոմայի դեպքում Հայաստանը շատ ավելի հետ է` ապրելիության տեսանկյունից տարբերությունն այստեղ ոչ թե 10, այլ 40 տոկոսի է հասնում»,- ասաց նա:
Տեխասի համալսարանի լեյկեմիաների և ցողունային բջիջների փոխպատվաստման ամբիոնների պրոֆեսոր Մարինա Կոնոպլյովայի մտահոգմամբ էլ` հատկապես երեխաների համար Հայաստանում առաջնային խնդիրներից է քիմիաթերապիայի դեղորայքի պակասը:
«Այդ դեղորայքը պետք է տրամադրվի պետության կողմից, կան նույնիսկ որոշ բազային դեղեր, որոնք թանկ չեն, բայց Հայաստանում չեն տրամադրվում` ի տարբերություն հարևան Վրաստանի»,- եզրափակեց նա: