
Ազգային ժողովի ընդունած «Դեղերի մասին» օրենքի նախագիծը հնարավորություն կտա վերահսկելու կեղծ դեղերի մուտքը Հայաստան՝ կարծում է «Սպառողների ազգային ակադեմիա» իրավաբանական անձանց միության դեղագործակալության դեպարտամենտի ղեկավար Գայանե Խաչվանքյանը:
Նշենք, որ օրենքի նոր նախագծով առաջարկվում է ինչպես մեծածախ և մանրածախ հավելագների առավելագույն դրույքաչափերի սահմանում, այնպես էլ ռեֆերենս գնի սկզբունքի կիրառում, որոնք օրենքի ընդունումից հետո կհաստատվեն կառավարության կողմից:
Խաչվանքյանի խոսքով՝ գոյություն ունեն դեղեր, որոնք կարող են վերացնել գենոտիպը, իսկ «Դեղերի մասին» օրենքը կարող է օգտակար լինել այդ հարցում: Նրա պնդմամբ՝ դեղերի վերահսկումը լուրջ խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում:
«Կեղծում են այն դեղերը, որոնք ավելի թանկ են և խիստ անհրաժեշտ: Հայաստանի վերջին տարվա քաղաքականությունը ցույց է տալիս, որ ընդգրկվելով ԵԱՏՄ-ի կազմի մեջ, մենք լուրջ ռիսկեր ունենք, որովհետև Ռուսաստանի շուկան դեղերի կեղծման լուրջ թիրախ է ամբողջ աշխարհում, և այդ կեղծված դեղերը կարող են հեշտությամբ Հայաստան ներթափանցել, իսկ վերահսկողությունը կատարում է Դեղերի գործակալությունը:
Իմ կարծիքով` նոր օրենքով պետք է Դեղերի գործակալությունը հզորացնել, որպեսզի կարողանա իր գործունեությունը ուժեղացնի»,- երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
«Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը, անդրադառնալով օրենքին, նշեց, որ այն առաջին հայացքից լավն է երևում, սակայն մենաշնորհում է տեսնում:
«Ինչպես միշտ, Հայաստանի Հանրապետությունում ընդունվում են օրենքներ, որոնք կարծես թե լավն են, և եթե այդ օրենքները գործեին, մենք կունենայինք հոյակապ ժողովրդավարական օրենքների երկիր»:
Նրա խոսքով՝ օրենքում կան դրույթներ՝ գովազդի, վարչական իրավախախտումների, տուգանքների մասին, և կառավարությունը կընդունի այնպիսի ենթաօրենսդրական ակտեր, որից սպառողը դարձյալ կտուժի:
«Բացի այդ, այս օրենքում տեսնում եմ մենաշնորհում, որովհետև այնտեղ տարբեր պահանջներ կան՝ կապված տարածքի, հիմնադրամի և այլնի հետ: Մեր պետության նախագահը, վարչապետն այսօր պայքարում են մենաշնորհների դեմ, իսկ այստեղ ի հայտ է գալիս մենաշնորհների դիրքի չարաշահում»,- նշեց նա, հավելելով, որ լավ կլիներ, որ սպառողական կազմակերպությունները ևս ներկա լինեին քննարկումներին և իրենց դիտողությունները տեղ հասցնեին: