Ազատություն Հայրապետյանին. ակտիվիստների պնդմամբ` Ռուսաստանում հայ գործարարի ազատազրկման մեջ Ադրբեջանի մատը խառն է

Photo: Photolure

Օրերս Ռուսաստանում չորս տարվա ազատազրկման դատապարտված ռուսաստանաբնակ հայ գործարար, հայտնի բարերար Լևոն Հայրապետյանին ի պաշտպանություն Երևանում անցկացված երթի մասնակիցները վստահ են, որ Հայրապետյանի ազատազրկումը Արցախը թուլացնելու ադրբեջանական հերթական ձեռագիրն է, մինչդեռ իրենք անելու են ամեն ինչ, որպեսզի գոնե փոխվի Հայրապետյանի խափանման միջոցը:

«Այս օրերին, երբ Արցախն առավել քան կարիքն ունի իր բարերարի, դժբախտ պատահականությամբ նա կալանավորվում է: Ողջ հայ ժողովուրդը պահանջում է ամեն կերպ ազատ արձակել բարերարին, սակայն իշխանությունները, մասնավորապես, արտաքին գործերի նախարարությունը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը քար լռություն են պահպանում։ Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, պահանջում ենք արտաքին քաղաքական գերատեսչությունից անհապաղ կապ հաստատել իրենց ՌԴ գործընկերների հետ և ամեն խողովակով փորձել հասնել Լևոն Հայրապետյանի ազատ արձակմանը»,- նշված է «Ազատություն Լևոն Հայրապետյանին» երթի կազմակերպիչների պահանջների մեջ:

Երեքշաբթի Հայաստանի արտգործնախարարության շենքի դիմաց, այնուհետև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմացի մայթին «Ազատություն Լևոն Հայրապետյանին», «Փոխել խափանման միջոցը» պաստառներով ու կոչերով, մեծ թվով ոստիկանների ուղեկցությամբ բողոքի երթ անցկացրած մի քանի տասնյակ քաղաքացիները երկու կառույցներին էլ հանձնեցին Հայրապետյանին ազատ արձակելու պահանջով նամակներ ու նշեցին, որ ակցիաները շարունակական են լինելու, և ամեն ինչ անելու են, որ Հայրապետյանի խափանման միջոցը փոխվի:

Շուշիի վերականգնման ծրագրի գլխավոր հովանավոր, ԼՂ-ում «մեծ հարսանիքի» հովանավոր, բազմաթիվ նախագծերի աջակցող, ռուսաստանյան էներգետիկ մի շարք ընկերությունների բաժնետեր 67-ամյա Հայրապետյանին, ով այժմ երկրորդ կարգի հաշմանդամ է, տարել է չորս ինֆարկտ և երկու կաթված, հիվանդ է քաղցկեղով և ունի ուրոլոգիական խնդիրներ, ապրիլի 14-ին Մոսկվայի դատարանը դատապարտեց 4 տարվա ազատազրկման՝ ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու մեղադրանքով։

Ըստ մեղադրող կողմի` նա մոլորեցրել է նախկին սենատորի մորը, խոստանալով փողի դիմաց քայլեր ձեռնարկել որդու պատժաչափը մեղմացնելու համար, բայց գործնականում ոչ մի լծակ չի ունեցել, որ կատարի խոստումը։

Հայազգի գործարարը ձերբակալվել է 2014 թվականի հուլիսի 15-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում, հենց օդանավի սանդուղքի մոտ` Նիցցայից Մոսկվա վերադառնալիս։

Նախկին սենատոր Իզմեստևը ցուցմունք էր տվել, ըստ որի, Հայրապետյանն առնչություն ունի 2009-ին «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը «ԱՖԿ սիստեմա» ընկերությանը վաճառելու ապօրինի գործարքի հետ։ Այս գործով քննությունը դեռ շարունակվում է։

Երկու ամիս անց Հայրապետյանի նկատմամբ հարուցվել է Իզմեստևի մորից խարդախությամբ գումար կորզելու մեղադրանքը։

Գործարարը մոտ մեկ տարի անցկացրել է քննչական մեկուսարանում, ապա` տնային կալանքի պայմաններում։ Նրա փաստաբաններն այն ժամանակ պահանջել են փոխել խափանման միջոցը՝ ներկայացնելով պաշտպանյալի ծանր առողջական վիճակի մասին վկայող փաստաթղթեր։ Հայրապետյանը հերքում է մեղադրանքը։

«Բարև, Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, ով երթին մասնակցել է  որպես ՀՀ քաղաքացի,  կարծում է, որ ակցիայի միջոցով  պետք է բարձրաձայնել, որ Լևոն Հայրապետյանին բանտարկելով`  Ռուսաստանը  պարզապես  ցանկանում է մեր ազգային արժանապատվությունը ոտնահարել:

«Ռուսական ավտորիտար իշխանությունը Հայրապետյանին կալանավորման որոշում է կայացրել, որպեսզի հերթական անգամ, իր կարծիքով, թուլացնի Արցախի պաշտպանությունը։ Սակայն Լևոնը բանտում ավելի շատ գործ է անում Արցախի համար, քան շատերը ազատության մեջ: Այսօրվա ակցիան մեր հասարակությանը սթափեցնելու կոչ է»,- ասել է Բախշյանը:

Իրավաբան Հայկազ Մակարյանի կարծիքով էլ` Լևոն Հայրապետյանի ազատազրկման հարցում մեծ ջանքեր են գործադրել ռուսաստանաբնակ ադրբեջանցիները, քանի որ գործարարն ամեն ինչ անում էր Արցախին օգնելու համար:

«Կարծում եմ` սա կապ ունի նաև Ռուսաստանի ադրբեջանամետ ուժերի հետ, որոնք կասեցրին նրա առաջխաղացումը դեպի Արցախ»,- ասել է իրավաբանը: