Ոստիկանություն. ոչ մի լրագրող բերման չի ենթարկվել Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ

Photo: Photolure

Հայաստանի ոստիկանությունը հերքել է զանգվածային լրատվամիջոցների հաղորդումները, որոնցում պնդում են, որ անցյալ գիշեր Երևանի կենտրոնում բողոքի ակցիան լուսաբանող մի շարք լրագրողներ բերման են ենթարկվել:

Ավելի քան չորս տասնյակ մարդ է բերման ենթարկվել Բաղրամյան պողոտայից ուրբաթ ուշ երեկոյան, երբ «Մենք ենք տերը մեր երկրի» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները փորձել են երթով գնալ դեպի նախագահի նստավայր, պահանջելով Ղարաբաղի հարցում կոշտ դիրքորոշում, մասնավորապես, բացառել տարածքային որևէ զիջում Ադրբեջանին, ինչպես նաև «պետական բյուջե վերադարձնել թալանված և արտասահմանում օֆշորային հաշիվներին փոխանցված միջոցներ»:

Մասնակիցները հանդիպել են ոստիկանության պատնեշին, որը արգելափակել է նրանց երթը, որից հետո ուժով բերման ենթարկել ընդհանուր թվով 42 ակտիվիստի:

«Հայտնում ենք, որ երեկ որևէ ԶԼՄ ներկայացուցիչ վարչական ձերբակալման կամ բերման չի ենթարկվել, այլ տեղաշարժը հավաքի վայրում կարճատև սահմանափակվել է, և րոպեներ անց նրանք ոստիկանության վերակարգից դուրս են թողնվել»,- պարզաբանել է ոստիկանությունը այսօր տարածած հայտարարության մեջ:

«Միջադեպի կապակցությամբ, ոստիկանության պետի հանձնարարությամբ, ներքին անվտանգության վարչությունում կատարվում է ծառայողական քննություն:

Բացի այդ, ոստիկանության պետը հանձնարարել է առաջիկայում կազմակերպել հանդիպում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ՝ նման իրավիճակները բացառելու մեխանիզմնեսր քննարկելու համար»,- հավելել է նա: