Ռուսական գործոն. Հայաստանում երկու քրեական վարույթների առնչությամբ պահանջներ են ներկայացվում Ռուսաստանին

Անցյալ շաբաթ Հայաստանում միանգամից երկու քրեական գործեր այնպիսի շրջադարձ ընդունեցին, որը ենթադրում է որպես «գործող անձ» ներգրավել Ռուսաստանին և Ռուսաստանի դեսպանին: Այս գործերն առայժմ միջպետական հնչեղություն չեն ստացել, սակայն թե՛ Հայաստանի և թե՛ Ռուսաստանի հասարակությունում լարված հետևում են դրանց զարգացմանը:

Առաջին գործն անսպասելի շրջադարձ ստացավ այն բանից հետո, երբ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից գումար շորթելու մեղադրանքով կալանավորված` Analitik.am կայքի պատասխանատու խմբագիր Անի Հովհաննիսյանը մեղադրեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին այն բանում, որ նրա ցուցումով իր դեմ գործ է սարքվել: Նա հայտարարել է, որ իր կայքը հետաքննել է «ՎՏԲ Հայաստան» բանկի շահերի լոբբինգը դեսպան Վոլինկինի կողմից: Անի Հովհաննիսյանի պնդմամբ` ՎՏԲ-ն ադրբեջանական կապիտալով բանկ է, որ դեսպան Վոլինկինը առաջ է մղում Հայաստանում այս բանկի շահերը: Մասնավորապես, վերջերս Հայաստանի Ազգային ժողովը որոշում էր ընդունել  Հրազդանի ցեմենտի գործարանն չվճարված հարկերի հետևանքով գոյացած տույժ-տուգանքներից ազատելու մասին, և  գույքը գրավադրվել էր ՎՏԲ բանկում:

Ռուսաստանի դեսպանությունը պատասխանել է լրագրողի մեղադրանքներին` հերքելով մեղադրանքները: Դեսպանությունը նույնպես հերքել է, որ Տիգրան Ուրիխանյանը կամ մեկ ուրիշը Ռուսաստանի գործակալներ են:

Անի Հովհաննիսյանը պահանջել է քրեական գործ հարուցել իր ցուցմունքների հիման վրա և քննել Հայաստանում դեսպան Վոլինկինի գործողությունները: Առայժմ իրավապահ մարմինները չեն շտապում դա անել, փորձագետները դա կապում են առանց այն էլ անբարյացակամ հայ-ռուսական հարաբերությունները չփչացնելու ցանկության բացակայության, ինչպես նաև պատգամավոր Ուրիխանյանի և Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանի միջև ազգակցական կապերի հետ: Բայց, մյուս կողմից, պարզ է նաև, որ դեսպանները օժտված են դիվանագիտական անձեռնմխելիությամբ, որի համաձայն նրանք ենթակա չեն հյուրընկալող երկրի օրենքներին համապատասխան դատական հետապնդման:

Photo: Photolure
Photo: Photolure

Ռուսաստանի դեմ երկրորդ գործ հարուցելու հավանականությունը կապված է 2015-ի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատավարության զարգացման հետ: Ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվում է Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը: Դատավարությունն արդեն ընթանում է մի քանի ամիս, և անցյալ շաբաթ Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչները միջնորդություն են ներկայացրել Ռուսաստանի Դաշնության դեմ քաղաքացիակայն հայց ներկայացնելու: Փաստաբանների խոսքով` Ռուսաստանը պատասխանատվություն է կրում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչների գործողությունների համար:

Հայցի չափը գնահատվում է ընտանիքի յուրաքանչյուր մեծահասակ անդամի համար 50-հազարական եվրո, 100-հազարական եվրո` երեխաների` Հասմիկ և Սերյոժա Ավետիսյանների համար: Դատարանը հետաձգել է հայցի քննարկումը մինչև հունիսի 30-ը:

Վերջին մի քանի տարիներին Հայաստանում անցկացվել են Ռուսաստանի քաղաքականության հետ կապված բողոքի մի շարք քաղաքացիական և քաղաքական ակցիաներ: 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Երևանում Ռուսաստանի դեսպանության մոտ անցկացվել են միանգամից 3 բազմամարդ ակցիաներ` պահանջելով Ռուսաստանից զենք չվաճառել Ադրբեջանին և կատարել Հայաստանի առաջ դաշնակցային պարտավորությունները:

Եթե Անի Հովհաննիսյանի և Ավետիսյանների ընտանիքի միջնորդություններով գործեր հարուցվեն, ապա դա կլինի Ռուսաստանին Հայաստանի կողմից իրավական պահանջներ ներկայացնելու առաջին նախադեպը: