Հայաստանում կանանց իրավունքների ակտիվիստները պահանջում են ընդունել ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենք

Photos: Photolure

Հայաստանի իշխանությունները պարտավորվել են ավելի քիչ, քան 6 ամսում ընդունել «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը, որն արդեն երկու անգամ վերադարձվել է Ազգային ժողովից ու ներկայումս կրկին լրամշակվում է:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որը տարիներ շարունակ պայքարում է այդ օրենքի ընդունման համար, դրա ընդունման հավանականությունը բարձր է գնահատում: Կոալիցիայի համակարգող Զառա Հովհաննիսյանի դիտարկմամբ` նախագծի ընդունմանը նպաստելու է նոր զեկույցը, որն ավելի համապարփակ է ներկայացնում վերջին 5 տարում գրանցված կանանց դեմ բռնության դեպքերը:

Ըստ «Ընտանեկան բռնության և կանանց սպանության դեպքերը Հայաստանում» զեկույցի` այդ ժամանակահատվածում առնվազն 20-40 տարեկան 30 կին է սպանվել հիմնականում դանակահարության միջոցով` ներկա, նախկին զուգընկերոջ կամ ընտանիքի անդամների կողմից, սպանություններից 26-ը տեղի են ունեցել տանը:

Զոհերից 21-ը ապրել են բռնարարի հետ, 4-ը փորձել են խզել հարաբերությունները, 3-ը հարաբերությունները դադարեցրած են եղել սպանությունից առաջ, ինչը ցույց է տալիս, որ կանխարգելիչ քայլերը կարող էին օգնել խուսափելու մարդկային կյանքի կորուստներից:

«Նախագիծը ներառում է հենց կանխարգելիչ միջոցառումներ, որոնք հնարավորություն կընձեռեն զոհին ու բռնարարին որոշակի ժամանակ իրարից հեռու ապրելու: Կան մի շարք կանխարգելիչ մեխանիզմներ. օրինակ` ապարանջաններ են հագցնում ձեռքերին, որ 100 մետրից ավելի չմոտենան և այլն»,- ասել է Հովհաննիսյանը Մեդիա կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

«Ըստ մեր վերջին տեղեկությունների`Հայաստանը միջազգային մարմինների առաջ պատասխանատվություն է վերցրել այս խնդրի լուծման հարցում. մասնավորապես, ֆինանսական աջակցությամբ մարզերում կացարաններ բացել, այլ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել»,- հավելել է նա:
«Կանանց աջակցման կենտրոնի» ներկայացուցիչ, հետազոտության հեղինակ Անի Ճիլոզյանը ասուլիսում հայտնել է, որ զոհերի մեծ մասն ապրել է մարզերում` հիմնականում` Արարատի և Արմավիրի. «Սպանությունները կատարվել են դանակահարելով, վիզը կտրելով, բութ առարկայով ծեծելով և խեղդամահ անելով, այսինքն` դաժան կերպով»:

«Կնասպանությունն ազդում է երեխաների ճակատագրի վրա: Բոլոր դեպքերում բռնարարը և զոհը առնվազն մեկ երեխա են միասին խնամել: 7 երեխա մոր սպանության ականատեսն են եղել: Նրանցից 3-ը հարձակման արդյունքում վնասվածքներ են ստացել»,- ավելացրել է նա:

Կանանց բռնության դեմ պայքարողները համոզված են` նման դեպքերի կանխարգելմանը խանգարում են նաև իրավապահ մարմինների և արդարադատության թերացումները կամ անտարբերությունն ու անգործությունը: Ըստ զեկույցի` վերջին 5 տարում կնասպանություն իրականացրած հանցագործների ազատազրկման միջին ժամկետը 9 տարի է եղել, 30 դեպքից միայն 4-ի պարագայում է հանցագործն այս պահին դատապարտված:

«16 դեպքերի համար դատավճիռ չկա, թեև երկար ժամանակ է անցել: Ընդհանրապես գործ չի հարուցվել մեկ դեպքի համար. այն որակվել է որպես ինքնասպանություն, իսկ կնասպանության 9-ը դեպքերի քննության ընթացքը դեռ անհայտ է»,- ասել է Ճիլոզյանը:

«Կանանց իրավունքների կենտրոնի» իրավաբան Էլինա Դանիելյանը ներկայացրել է իրավական թերացումները. «Խնդիր կա ոստիկանության աշխատողների հետ. նրանք անհրաժեշտ արձագանք չեն տալիս հաղորդումներին և հետևողական չեն լինում, հետևաբար, սպանությունները չեն կանխվում»: