Կենսաթոշակային վճարի գանձումը մասնավոր հատվածից մեկ տարով հետաձգվեց

Photo: Photolure

Մասնավոր հատվածում պարտադիր կենսաթոշակային վճարների գանձումը որոշվել է հետաձգել ևս մեկ տարով:

Հինգշաբթի Կառավարությունն իր հերթական նիստում ամրագրել է դեռևս նախորդ նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, ըստ որի փոփոխություններ են կատարվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում և որոշվել է, որ սոցիալական վճարը պարտադիր կդառնա ոչ թե 2017, այլ՝ 2018 թվականի հուլիսի 1-ից:

«Մենք Ազգային ժողով ենք ուղարկել Հարկային օրենսգիրքը, որը ենթադրում է խոշորածավալ փոփոխություններ ոչ միայն մոտեցումներում, այլև իրականացման մեխանիզմներում: Մենք նախատեսում ենք Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը 2018 թվականին: Եվ ինձ զեկուցել են, որ ծրագրային ապահովման փոփոխությունները պատրաստ կլինեն միայն 2018 թվականի շեմին»,- ասել է Աբրահամյանը։

Բազմաթիվ դժգոհությունների տեղիք տված կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում աշխատավարձի 5 տոկոսի կուտակումն այժմ պարտադիր է միայն պետական համակարգի աշխատողների և աշխատաշուկա նոր մտնողների համար: