Հայ մարզիկը հաղթել է ադրբեջանցուն և իր հաղթանակ նվիրել Ղարաբաղում կռվող զինվորներին

Խառը մենամարտերի OFS 8 մրցաշարում հայ մարզիկը Մոսկվայում ադրբեջանցի մրցակցի նկատմամբ իր վերջին հաղթանակը նվիրել է Լեռնային Ղարաբաղը պաշտպանող հայ զինվորներին:

Անցյալ շաբաթավերջին մարզասերներով լեփ-լեցուն «Լուժնիկի» մարզահամալիրում 23-ամյա Ալբերտ Ղազարյանից ընդամենը 56 վայրկյան պահանջվեց ստիպելու Ռուսլան Մուրաթազովին խիստ քաղաքականացված մենամարտում անձնատուր լինել:

Ադրբեջանցու դեմ հայ մարզիկի մրցամարտը տեղի է ունեցել ապրիլի սկզբին Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ հարձակումից ընդամենը մի քանի շաբաթ անց:

Մոտ հարյուր հայ զինծառայողներ են զոհվել, ավելի քան 120-ը վիրավորվել հակամարտության գոտում 1994 թ.-ից հետո առաջին անգամ աննախադեպ լարվածության հետևանքով:

Իր հաջողությունը տոնելով` Ղազարյանը հայոց եռագույնի հետ ռինգ է բերել նաև Ղարաբաղի դրոշը:

Ավելի ուշ զինվորական համազգեստ հագած և գավաթը ձեռքին Ղազարյանը մարզասերների ջերմ ողջույնների ներքո իր կարճ խոսքում ասել է. «Ես ձեր ցավը տանեմ, էս հաղթանակը նվիրում եմ իմ հայ ազգին, իմ հայ զինվորներին, ովքեր էսօր պոստում կանգնած` մեր հողը ամուր պահում են, ես ձեր ցավը տանեմ»:

Սա առաջին դեպքը չէ, երբ հայ մարզիկները սպորտում իրենց հաղթանակները նվիրում են Ղարաբաղում կռվող հայ զինվորներին: Անցյալ ամիս` քառօրյա պատերազմի ավարտից ընդամենը մի քանի օր անց, հայ ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Նազիկ Ավդալյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը և այլք Եվրոպայի առաջնությունում իրենց հաղթանակները նույնպես նվիրել էին հայկական բանակին: