Մարմնամարզություն. հայ մարզիկներն արժանացել են ոսկե և արծաթե մեդալների Եվրոպայի առաջնությունում

Photo: Photolure

Հայ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը նվաճել է մայրցամաքի չեմպիոնի կոչումը, իսկ նրա երկու թիմակիցներն արժանացել են արծաթե մեդալների Շվեյցարիայի Բեռն քաղաքում ավարտված մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում:

Մերդինյանը, ով 2015-ին նժույգթափեր վարժությունում դարձել էր բրոնզե մեդալակիր, հռչակվել է Եվրոպայի չեմպիոն` վաստակելով 15.366 միավոր: Այս մասին հայտնել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից (ՀԱՕԿ):

Նույն աղբյուրի հաղորդմամբ` հայ մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը և Արթուր Դավթյանը նվաճել են արծաթե մեդալներ օղակներ և հենացատկ վարժություններում համապատասխանաբար: Իսկ Արթուր Ավետիսյանը դարձել է արծաթե մեդալակիր օղակներ վարժության երիտասարդների պայքարում:

ՀԱՕԿ կայքի հետ զրույցում Եվրոպայի նոր չեմպիոն Մերդինյանն ասել է. «Ուրախալի է նաև այն, որ այս արդյունքն օլիմպիական խաղերից առաջ արեցի, չնայած կան տարրեր, որոնց վրա պետք է աշխատեմ»:

Գնահատելով իր շանսերը օգոստոսին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք խաղերում` հայ մարզիկն ավելացրել է. «Նժույգթափերում պետք է երկաթյա նյարդեր ունենալ: Ամեն ինչ պարզ կլինի այնտեղ»: