ՖԻԴԵ-ի ղեկավարը` Հայաստանին և Ադրբեջանին. պայքար խաղատախտակի առաջ, ոչ թե կռվի դաշտում

Photo: www.president.am

Միջազգային շախմատի կառավարող մարմնի` ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը կարծում է, որ հայերն ու ադրբեջանցիները պետք է «երկիրը երկրի դեմ» խաղան շախմատում, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի մարտերում:

Շախմատի բարձրաստիճան պաշտոնյան այս հայտարարություններն արել է մայիսի 17-ին Երևանում խուլերի շախմատի աշխարհի անհատական առաջնության բացման արարողությանը, որին ներկա է եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով նաև գլխավորում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

«Մայիսի 24-ին Ադրբեջանում հանդիպելու եմ Ադրբեջանի ղեկավարության հետ և կառաջարկեմ այդ նախաձեռնությունը` «երկիրը երկրի դեմ», որ Հայաստանն ու Ադրբեջանը կոլեկտիվ շախմատ խաղան, երբ խաղին մասնակցել ցանկացող յուրաքանչյուր ոք կարող է քայլ կատարելով համացանցում»,- նշել է Իլյումժինովը Ռուսաստանի «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Այն հարցին, թե արդյոք շախմատը կարո՞ղ է օգնել հակամարտող կողմերի միջև խաղաղությունը տարածելուն, ՖԻԴԵ-ի ղեկավարը նշել է, որ «բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, շախմատի խաղատախտակի առաջ»:

Հատկանշական է, որ այս տարի սեպտեմբերի 1-14-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվելու է 42-րդ համաշխարհային օլիմպիադան: Երևանում Իլյումժինովը անկեղծորեն մաղթել է Սարգսյանին, որ Հայաստանը հաղթի իր չորրորդ օլիմպիական մեդալը Բաքվի օլիմպիադայում:

Իսկ երեքշաբթի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի բացման արարողությանը Իլյումժինովը կայծակնային շախմատ է խաղացել նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որն ավարտվել է ոչ-ոքի:

Խաղից հետո Իլյումժինովը Սարգսյանին որակել է որպես «ՖԻԴԵ-ի անդամ բոլոր երկրների ղեկավարների չեմպիոն»: Իլյումժինովի ղեկավարած կազմակերպությունը ներառում է 187 երկիր: